22.06.2025
Հունաստանում ՀՀ դեսպանությունը հերքեց Բաքվի հերթական ապատեղեկատվությունը
07.07.2022
Հունաստանում ՀՀ դեսպանությունը հերքեց Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հերքեց Բաքվի հերթական ապատեղեկատվությունը։ Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Հուլիսի 5-ին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութը Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում սովորական դարձած հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանելու» ջղագրգիռ փորձ։ Արցախի Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղը հիմնվել է չորս հույն հանքահանների կողմից, ովքեր, ըստ նրանց հետնորդների, ցեղասպանությունից մազապուրծ Պոնտոսի հույներ էին։ Մինչև պատերազմը հույներն ու հայերն այստեղ ապրել են կողք կողքի, կային բազմաթիվ հայ-հունական ընտանիքներ։ 1992թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը գրավել է Մեհմանա գյուղը՝ ողջ Մարտակերտի շրջանի հետ, նրա հույն բնակիչներին հազարավոր հայերի հետ ստիպելով լքել իրենց օջախները։ «Արցախի Հանրապետության հունական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար և Արցախում հայտնի հեռուստալրագրող Սոֆի Իվանիդիսը, ում ծնողները Մեհմանայից են, պատմում է, որ արցախյան պատերազմի ժամանակ Արցախի հույները դիմել են Հունաստանի կառավարությանը՝ իրենց ընդունելու խնդրով, և կառավարությունն ընդառաջել է նրանց: 1992թ. այս կապակցությամբ Արցախի հունահայ շատ ընտանիքներ տեղափոխվել են Հունաստան: Այդ ժամանակ ծնողները որոշել են մնալ Արցախում, հակառակ նրան, որ իրենց ձեռքի տակ ունեցել են Հունաստանի կառավարության կողմից տրված մշտական բնակության փաստաթուղթը: «Մենք մնացել ենք Արցախում և բոլորի հետ ապրել արցախյան պատերազմի դժվար օրերը և պատվով հաղթել»։ Մեհմանան մեկ տարի անց ազատագրվել է, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաև մեհմանացիները: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հիմնովին ավերված գյուղը վերակառուցվել է և հույներից ոմանք վերդարձել են, այդ թվում Սոֆի Իվանիդիսի 80-ամյա պապը՝ Նիկոլա Իվանիդիսը, ով հայրենի գյուղում 15 տարի անց կնքել է իր մահկանացուն։ Ադրբեջանի CBC TV հեռուստաալիքի տեսանյութում հունական ուղղափառ եկեղեցու ու հունական պատմամշակութային ժառանգության «ոտնձգության» փաստերը ևս խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը, քանի որ վկայակոչվող եկեղեցին Մարտունու շրջանի Գևորգավան տեղանքում գտնվող ռուսական եկեղեցի է, որն ի դեպ խոցվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած առաջին պատերազմի, այնուհետ նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հնարավորություն չտալով այն վերականգնել։ Տեսանյութը դիտավորյալ լռում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերված մեկ այլ ուղղափառ եկեղեցու՝ Շուշիի հունական ուղղափառ (ռուսական) Մեծ նահատակ Գեորգի Հաղթականի տաճարի մասին, ուր հաճախում էին նաև հույները։ 1960-ականների սկզբներին, երբ ԱԽՍՀ ղեկավարությունը որոշեց քանդել Շուշիի հայկական մասը, ապամոնտաժվեց նաև եկեղեցին, որի հիմքի վրա կառուցվեց Մշակույթի տան շենքը։ CBC TV հեռուստաալիքի տեսանյութը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական փորձն է շեղել միջազգային հանրության ուշադրությւնը այդ պետության կողմից 2020թ. ռազմական գործողությունների ընթացքում հայկական եկեղեցիների ռմբակոծման կոնկրետ փաստերից և զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացմանն ու պատմամշակութային հուշարձանների վերափոխմանն ուղղված քաղաքականությունից, ինչի առնչությամբ 2022թ մարտին Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» վերտառությամբ բանաձև է ընդունել։ Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային կոթողների «աղվանականացման» նպատակով Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, որը կոչված է փոխակերպելու հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ։ Ադրբեջանն այսպիսի քայլերով շարունակում է մարտահրավեր նետել ողջ քաղակակիրթ հանրությանը՝ ի հեճուկս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Արցախի պատմամշակութային հուշարձանները պահպանելու և հետագա վանդալիզմից փրկելու նպատակով այսօր առավել քան հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը, որի փաստահավաք առաքելությանն Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել»։