9.02.2026
Շրջափակումը ժողովրդավարության դեմ Ադրբեջանի պայքարի միակ դրսևորումը չէ. Գևորգյան
25.01.2023
Շրջափակումը ժողովրդավարության դեմ Ադրբեջանի պայքարի միակ դրսևորումը չէ. Գևորգյան

ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել է առաջիկայում կայանալիք ԵԽ չորրորդ գագաթնաժողովում տեղական եւ տարածաշրջանային հարցերի ու խնդիրների քննարկումը: Զրուցակիցները փաստել են նաեւ, որ ԵԽ անդամ մի շարք երկրներում արձանագրվում են տեղական ժողովրդավարության հետ կապված անթույլատրելի խնդիրներ, որոնք հակասում են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Կոնգրեսի կողմից ԵԽ անդամ պետություններում արձանագրված տեղական ժողովրդավարության վերաբերյալ փաստերը եւ հանգամանքները պետք է ուշադրության լուրջ առարկա դառնան ԵԽ բոլոր մարմինների կողմից: Արմեն Գեւորգյանը Կոնգրեսի նախագահին եւ գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Ըստ էության, Ադրբեջանի կողմից շրջափակումը ժողովրդավարության դեմ ադրբեջանական իշխանությունների պայքարի միակ դրսեւորումը չէ: Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը, հատկապես, որ ամեն ինչից զատ՝ վերջերս ադրբեջանական իշխանությունների կողմից նկատվում են նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխության միտումներ: Կողմերը երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու ինտենսիվ համագործակցությունը ԵԽԽՎ եւ Կոնգրեսի միջեւ: