25.11.2024
Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու մոտեցումը փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչ վերածվել КВН-ի, նույնիսկ՝ ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան

Անազատության մեջ գտնվող Ա. Աշոտյանը հրապարակել է «Post Nikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար» հոդվածը։ Երևի բնական է, որ նման բարդ հարցադրումներն արվում են նման պայմաններում. մի բանտում հեղինակն է, մյուսում՝ հայրենիքի մի հատվածը, իսկ լայն հասարակությունը մոտավորապես ռազմագերու կարգավիճակում է։ Այս մասին իր հերթական հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ շարունակելով.


«Աշոտյանի հարցադրումը սկզբում բերելու է մի նոր մեծ խումբ հարցերի, որից հետո նոր միայն սկսվելու է պատասխանների փուլը։ Ըստ իս, շատ կարևոր է հասկանալ այս պահին մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ժամանակ առ ժամանակ շատերը, այդ թվում՝ ես, մտածում ենք, որ այսօրվա հենքը թույլ չի տալիս հեռանկարում մեծ վերականգնում ակնկալել։ Բայց սա ուղղակի դրվագ է, և ճիշտ չէ, որովհետև այն պահից, երբ հասկանում ես, թե որն է բանալին, որն է լուծումը, շատ ու շատ բարդ բարդեր հարցեր գտնում են իրենց պատասխանները։


Երեկ աչքովս ընկավ Գարիկ Մարտիրոսյանի նոր կլիպը, որին մասնակցում էին մեծ թվով հայ «սելեբրիթիներ»՝ ուրախ ու հավես։ Նայեցի, որովհետև վստահ էի, որ այն պետք է լիներ SOS՝ շրջափակված Արցախի մասին։ Բնականը դա էր, մյուսը չգիտեմ, թե ինչ է։ Ես իհարկե սխալվեցի, որովհետև կլիպը ոչ մի կապ չուներ դրա հետ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են այս օրերին իրենց պահում ուկրաինական աստղերը, ռուսները, մենք ժամանակին տեսել ենք վրացիները կեցվածքը։ Իսկ մենք՝ 120 հազար մարդու՝ ցեղասպանության վտանգի առաջ, թուրքական տանկերի ուղիղ նշանառության տակ լինելու, 30 հազար երեխայի ու հղի կանանց՝ սնունդ ու դեղեր չունենալու պարագայում, մեր սելեբրիթիները, բնական ռեակցիա տալու և բնական գործունեություն ծավալելու փոխարեն ընտրում են ազգային КВН-ի ժանրը։ Ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչ վերածվել КВН-ի՝ մշակույթը, քաղաքականությունը, քաղաքացիական կեցվածքը, իշխանությունը, մեր կյանքը, նույնիսկ՝ ողբերգությունը։


Ամեն ինչի հիմքում պետությունն է։ Լուրջ պետության պարագայում ամեն ինչ փոխվում է՝ մթնոլորտը, բարքերը, քաղաքացին, հասարակությունը, մտածողությունը… ամեն ինչ։


2016-ին ապրիլյանի ժամանակ նույն հայտնիները, մեդիադեմքերը, մեդիան լրիվ այլ տրամադրությունների մեջ էին, լրիվ այլ՝ կոնսոլիդացնող ու արժանապատիվ տրամադրությունների մեջ էին ու շատ կարևոր գործ արեցին, որովհետև պետությունը ուրիշ խնդիր էր դնում, որովհետև պետությունը աշխատում էր նրանց հետ։ Իսկ հիմա մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որը կարող է ցեղասպանվել КВН-ական տրամադրությունների մեջ։ Ամեն ինչի բանալին պետությունն է, և «Post Nikol» փուլի բովանդակությունը ուղիղ կապված է երկու հարցի հետ. ե՞րբ կլինի այդ փուլը, և ի՞նչ վիճակում կլինի պետականությունն այդ պահին։


Անազատության մեջ գտնվող Ա. Աշոտյանը ազատ ու մտահոգ մարդու աշխարհայացքով առաջարկում է հանրային քննարկում ծավալել իր շարունակական հոդվածների շուրջ։ Միանում եմ կոչին ու ինքս կոչ եմ անում զարգացնել քննարկումներն ու գնալ բարդ ու բաց խոսակցության»։