«Երևան-Արմավիր» Մ5 ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակի բացումը:Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը կարևորեց ընդհանուր պատմական հաղթանակների և ձեռքբերումների մասին հիշողության պահպանումը: «Մեր երկու եղբայրական ժողովուրդներին կապում է բազմադարյա պատմությունը, որն անմահացել է մի շարք ընդհանուր հաղթանակներով։ Մեր պարտքն է պահպանել և սերունդներին փոխանցել այդ իրադարձությունների մասին հիշողությունները», – նշեց Վահրամ Կարապետյանը՝ խորհրդանշական համարելով, որ հուշարձանը բացվել է 1834-ի մայիսի 9-ին, իսկ տասնամյակներ անց՝ 1945-ին, հենց այդ օրը խորհրդային ժողովուրդը համատեղ ջանքերով նոր հաղթանակ կերտեց Հայրենական մեծ պատերազմում ՝ համալրելով սխրանքների ցանկը։Ողջույնի խոսքում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց, որ երկու ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու կապը ներկայացնող հուշարձանի բացումը արդիական է, քանի որ Հայաստանը վերջին շրջանում ռուսաստանցիների համար առավել նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների եռյակում է։«Խորհրդանշական և կարևոր է, որ փոփոխվող իրողությունների պայմաններում մենք ևս մեկ անգամ հիշում ենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունը և նոր պատրաստակամությամբ քայլում առաջ՝ շարունակելով միասին հաղթահարել բոլոր խոչընդոտները»,– նշեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը կատարեց հոգեհանգստյան կարգ։ Ցուցանակի բացումից հետո կատարվեց ծաղկեդրում և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհված հայ և ռուս մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։Հուշակոթողի տարածքում տեղի ունեցավ նաև անվանական ծառատունկ. տնկվեց շուրջ 20 տուա տեսակի ծառ։1827 թվականի Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։ Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն նորոգվել ու վերաբացվել է։