2.10.2024
Հայ-թուրքական գործընթացի օրակարգը ձևավորում է Բաքուն. Քոչարյան
17.02.2022
Հայ-թուրքական գործընթացի օրակարգը ձևավորում է Բաքուն. Քոչարյան

Ներկայումս ընթացող հայ-թուրքական գործընթացն անհասկանալի է, այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ "Ես երբեք դեմ չեմ արտահայտվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն դրա համար կան հստակ ընթացակարգեր. երկրները նոտաներ են փոխանակում, դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում, դեսպանատներ են բացվում եւ սկսվում են առկա հակասությունների հաղթահարման ուղիների քննարկումները", - հայտարարել է նա։ Քոչարյանը վստահ է, որ սահմանի բացումից ավելի շատ կշահի Թուրքիան, ուստի Հայաստանն այդ գործընթացում չպետք է լինի խնդրողի դերում: "Ընդհակառակը, մենք պետք է պնդենք, որ բաց սահմանները բնական երեւույթ են երկու հարեւան երկրների համար", – հայտարարել է նա: Խոստովանելով, որ հայ-թուրքական ներկա գործընթացն իր համար անհասկանալի է, Քոչարյանն ընդգծել է, որ ըստ էության Հայաստանը բանակցում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այդ գործընթացում օրակարգը կձեւավորի Ադրբեջանը, իսկ Թուրքիան միայն այդ օրակարգը կհնչեցնի: "Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, դա սխալ ճանապարհ է երկկողմ հարաբերությունների հաստատման համար", - հայտարարել է նա: Թուրքիայի հետ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, Քոչարյանի գնահատմամբ, մի շարք ոլորտներում խնդիրներ կառաջացնի։ Երկրի տնտեսության համար դա որոշակի շոկ կդառնա, որը կտեւի մի քանի տարի, կարծում է երկրորդ նախագահը: Քոչարյանը ցավով նշել է, որ Հայաստանի լիազոր գերատեսչությունը ոչ հաշվարկներ եւ վերլուծություն չի ներկայացրել տնտեսության վրա սահմանի ապաշրջափակման հնարավոր ազդեցության, ոչ ներքին արտադրության պաշտպանության ռազմավարության վերաբերյալ: Քոչարյանը նշել է, որ իշխող թիմի կողմից ներկայացվող սահմանի ապաշրջափակման շահն աբսուրդ է։ Նա հիշեցրել է, որ Երեւանից մինչեւ Ռուսաստանի սահման 400 կմ է: Հայաստանի տնտեսության կառուցվածքը եւ ընդհանրապես տնտեսությունն աշխարհում այնպիսին է, որ փոխադրումների զգալի մասն իրականացվում է մեծ բեռնատարներով, իսկ Հայաստանի համար իրավիճակը չի փոխվի, քանի որ ՌԴ հիմնական գործընկերը: Եթե իրանցիները գան Նախիջևանով, Սյունիքով չեն գնա։ Եթե Ադրբեջանի երկաթուղով բեռնափոխադրումներ իրականացնենք, ճանապարհը կրկնակի կավելանա։ Դա էլ ավելի կհեռացնի մեզ մեր սպառման շուկաներից, որը Կրասնոդարի երկրամասն ու Մոսկվան են։ Այդ մարդիկ չե՞ն նայում քարտեզը",- հարցրեց Քոչարյանը ՝ հավելելով, որ երկաթուղու օգտագործումը լրացուցիչ ջանքեր է ենթադրում։ "Այսինքն՝ մենք ոչ միայն չենք հաղթելու, այլ կորցնելու ենք։ Ես չեմ ասում, որ պետք չէ գնալ սահմանների բացմանը, բայց 3-5 տարվա ծրագիր է պետք՝ շուկան պաշտպանելու համար։ Սուբսիդիաներ կամ թուրքական արտադրանքի մաքսատորքերը, մոդելները տարբեր են”։ Երկրորդ նախագահի խոսքով՝ երկիրն ի վիճակի է մասնագետներ ներգրավել, Հայաստանում կան նման մասնագետներ։ "Իմ խնդրանքն է չքննարկել երկրի մտավոր կարողությունները իշխող ուժի համատեքստում", - նկատել է Քոչարյանը: