ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ. "Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում: Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել: Միաժամանակ, վերահաստատում ենք տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը":