Հայաստանում այս պահին էլեկտրամատակարարումը 70 տոկոսով վերականգնված է. փոխնախարար

64

Հայաստանում այս պահին Էլեկտրամատակարարումը 70 տոկոսով վերականգնված է: Այս մասին այսօր հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով Հանրապետությունում հոսանքի տատանումներին:


Նա նաշել է, որ ուսումնասիրություններ կկատարվեն, որոնցից հետո պարզ կդառնա՝ սուբյեկտիվ է եղել պատճառը, թե օբյեկտիվ: «Չեմ ուզում հաստատ որեւէ բան ասել, մինչեւ չլինի ուսումնասիրություն: Մասնագետներն արագ արձագանքել են, բայց Հանրապետությունն ամբողջությամբ չի հոսանքազրկվել: Էլեկտրամատակարարումը 70 տոկոսով վերականգնված է այս պահին: Մոտավորապես 1 ժամվա ընթացքում, եթե այլ խնդիրներ չլինեն շոգետուրբինի վրա ամբողջությամբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը»,- ասաց Վարդանյանը:


Ավելի վաղ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունում որոշակի մանրամասներ էր նշվում ՀՀ-ում հոսանքազրկումների մասին:


«Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներ։ Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի», - ասված է հայտարարության մեջ:


Հայաստանում հուլիսի 10-ին մասշտաբային հոսանքազրկումներ են գրանցվել: Հանրապետությունն անցել է էլեկտրաէներգիայի սպառման արտակարգ ռեժիմի: Երեւանի մետրոն դադարեցրել է աշխատանքը: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, ինչի հետեւանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում:


Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...