Փորձում է հասնել մոնոպոլ դիրքերի. «Գաջ»-ի գործարանը մեղադրում է Ծառուկյանին

178

«Գաջ» ՓԲԸ-ն մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար:


«Սկզբում «ԱրարատՑեմենտը» պայքարում էր ցեմենտի ներմուծման դեմ, իսկ հիմա ձգտում է ավելիին. պայքարում է, որ տուրք սահմանվի նաև հումքի համար, դրանով իսկ պայքարում է նաև իր մրցակից տեղական այլ արտադրողների դեմ: Կարծում ենք, որ յուրաքանչյուր անաչառ դիտորդի համար պարզ է, որ ընկերության կողմից այս օրերին արված հայտարարությունները ու կատաղի պայքարը հետապնդում են մեկ նպատակ. քաղաքական ու տնտեսական շանտաժի միջոցով հասնել նրան, որ շուկայում չունենա մրցակիցներ», - գրված է ընկերության ֆեյսբուքյան էջում:


Հայտարարության մեջ նշվում է, որ «ԱրարատՑեմենտը» չի պայքարում ցեմենտի տեղական արտադրությունը զարգացնելու համար, այլ «պայքարում է այնպիսի իրավակարգավորումների հասնելու համար, որը ձեռնտու կլինի միայն իրեն»:


«Անընդունելի է, որ ընկերությունը, որը գերիշխող դիրք ունի ցեմենտի շուկայում, ամեն գնով, այլ ընկերության օրինական շահերի ոտնահարման և պետությունից միայն իրեն պաշտպանող պետական քաղաքականություն ակնկալելու միջոցով փորձում է հասնել մոնոպոլ դիրքերի: Մեր ընկերությունը չափազանց բարձր է գնահատում տեղական արտադրողներին պաշտպանելու և աջակցելու պետության ներկայիս պատրաստակամությունը և հուսով ենք քննարկվող օրենքների նախագծերը կընդունվեն», - ասված է հայտարարության մեջ:


ՓԲԸ-ից նշում են, որ ընկերությունը պատրաստ է բանակցել «Արարատցեմենտ» ընկերության հետ կլինկերը Իրանից ներմուծելու փոխարեն իրենից ձեռք բերելու համար:


«Ընդ որում, համոզված ենք, որ Արարատցեմենտը իր տնտեսական շահերը հաշվի առնելով հանդերձ, իր կլինկերի համար կարող է ավելի ցածր գին առաջարկել մեզ, քան մենք վճարում ենք կլինկերի, դրա մաքսազերծման ու փոխադրման համար միասին: Սակայն պարզ է, որ այդպիսի բանակցությունները կարող են առարկայական լինել միայն այն իրավիճակում, երբ օրենքը այս տեսքով կընդունվի և բաց կմնան կլինկերի ներմուծման ճանապարհները: Մենք նույնպես բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մեր գործարան՝ ներկայացնելու արտադրական ամբողջ պրոցեսը, որից հետո վերջապես կպարզվի մենք արտադրական պրոցես իրականացնող ենք, թե ընդամենը կլինկեր «աղացող», ինչպես որ փորձում են մեզ ներկայացնել», - ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ «ԱրարատՑեմենտ» գործարանի ղեկավարությունն աշխատանքից ազատման ծանուցագրեր է ուղարկել գործարանի 1200 աշխատակցի: Ըստ տնօրինության պարզաբանման, ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, և իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։


Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանում ստեղծված իրավիճակի «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»:


Կլինկերը ցեմենտի արտադրության մեջ ամենաթանկ բաղադրիչն է:


Այնուհետեւ սակայն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է, որ կրճատումներ չեն լինի: «Ծանուցագրերը ճղեք, թափեք», - ասել էր Ծառուկյանն աշխատակիցներին:

Տպել

Загрузка...