25.11.2024
Քաղաքացու օրվա միջոցառումները 124 մլն դրամ կարժենան
prev Նախորդ նորություն

Բա Բիզնես Արմենիա՞ն. ՀՀ-ում ներդրումների խթանման նոր կազմակերպություն է ստեղծվում

ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 18-ին, որոշեց ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն:


Ինչպես ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով․


«Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»,-նշված է որոշման հիմնավորման մեջ, գրում է ՀԺ-ն:


Ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը 2019 թվականի 1-ին կիսամյակում կհատկացվի 100 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։


Այս պահին պարզ չէ, թե ինչու է ստեղծվում պետական աջակցությամբ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, քանի որ մինչ օրս գործում է վերաբրենդավորված Բիզնես Արմենիան՝ նախկինում Հայաստանի զարգացման հիմնադրամը:


Այն ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Կառույցի գլխավոր նպատակն է Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացումը, ներդրումների ներգրավումը, արտահանման խթանումը: Բիզնես Արմենիան իր ծրագրերով նպաստում է պետական մարմինների և գործարարների միջև համագործակցությանը, իրականացնում համատեղ նախագծեր, աջակցում օտարերկրյա ներդրումներին և հետներդրումային ծառայությունների մատուցմանը:


Պարզ չէ, արդյոք այս երկու կազմամերպությունները զուգահեռ իրականացնելու են գրեթե նույն ֆունկցիաները, թե սա Հայաստանի զարգացման հիմնադրամի հերթական վերաբրենդավորումն է: