Արցախի ուղիղ ներգրավվածությունը բանակցություններում անհրաժեշտություն է. Աբրահամյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը մտահոգություններ առաջ քաշեց թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում, քանզի այն փաստացի նշանակում է, որ բանակցային ձևաչափի փոփոխություն միջնորդները չեն ողջունում: Իսկ դա ՀՀ նոր իշխանությունների՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գլխավոր նախապայմանն էր Իլհամ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները շարունակելու համար:

VERELQ-ը հայտարարության և Արցախի շուրջ վերջին զարգացումներից զրուցեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը վերլուծական շրջանակները որակեցին ոչ հայանպաստ։ Ձեր կարծիքով, արդյոք սա մեսիջ է Փաշինյանին, որ բանակցային ձևաչափը չի փոխվելու և եթե այո, ապա չե՞ք տեսնում վտանգ, որ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվում։

-Արցախի արտգործնախարարությունը մանրամասն անդրադարձել է հայտարարության՝ բանակցային ձևաչափի մասին ձևակերպմանը: Ֆորմատային փոփոխությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի ուղիղ ներգրավվածությունը բանակցություններում անհրաժեշտություն է, առանց որի դժվար է գործընթացում էական տեղաշարժեր արձանագրել:

Ճիշտ է՝ համանախագահները բազմիցս հայտարարել են, որ ինչ-որ փուլում Արցախն անմիջականորեն ներգրավվելու է գործընթացում, սակայն դա բավարար չէ: Որքան շուտ Արցախը ուղիղ ձևով ներգրավվի բանակցություններում, այնքան առավել իրական կդառնա հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները:

Ակնհայտ է նաև, որ համանախագահները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան, ինչը պայմանավորված է վերջին շրջանում պաշտոնական Բաքվի կողմից հնչեցվող կոշտ, իրավիճակը փակուղի տանող հայտարարություններով և պատահական չէ, որ համանախագահները իրենց տեքստում ընդգծված խոսում են ուժի չկիրառման սկզբունքը:

-Ինչո՞ւ համանախագահները այդքան ծավալուն տեքստում չանդրադարձան Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժություններին, թեպետ մշտապես հորդորում են կողմերին չձեռնարկել քայլեր, որոնք կարող են լարել սահմանը։

-Ըստ էության, անուղղակի անդրադարձ զորավարժություններին կա՝ լարվածության աճին չնպաստող քայլերի մասով, սակայն դա բավարար չի կանխելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիան:

Ժամանակը ցույց է տվել, որ մեղմ, անհասցե հայտարարություններով Ադրբեջանի սադրանքները չեն կանխվում:

-Արդյոք համարժեք է պաշտոնական Երևանի արձագանքը այս հայտարարությանը, եթե հաշվի առնենք, որ փաստացի Վիեննան ու Սանկտ Պերերբուրգը ի չիք են դառնում։

-Ներեցեք, բայց պաշտոնական դիրքս թույլ չի տալիս պաշտոնական Երևանի արձագանքը մեկնաբանել:

-Ի՞նչ է նշանակում ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի անցկացումը Արցախում։

-Արցախն ու Հայաստանը անվտանգության միևնույն համակարգում են, առկա ռիսկերը ընդհանուր են և այդ տեսակետից համատեղ նիստերի անցկացումը տրամաբանական է: Բացի այս, Անվտանգության խորհրդի նիստն ավելի վաղ էր պլանավորվել, որովհետև այդպիսի աշխատանքների անցկացումը երկար ժամանակ է պահանջում:

-Ի վերջո, հաշվի առնելով վերջին զարգացումները՝ որքանո՞վ է հավանական պատերազմի վտանգն այսօր:

-Պատերազմի հավանականությունն ավելի շատ բարձրացնում է բանակցությունների բացակայության փաստը, մնացածը՝ սրան ուղեկցող պրոցեսներ են: Որքան շուտ միջնորդներն Ադրբեջանին վերադարձնեն բանակցությունների սեղան, այնքան շուտ կողմերը կհեռանան հնարավոր անցանկալի զարգացումներից:


Լիա Խոջոյան


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...