ՀՀ-Իսրայել հարաբերությունների ջերմացումը կհանգեցնի Իրանի սուր արձագանքին

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ շուտով Իսրայելը դեսպանություն կունենա Հայաստանում, իսկ Հայաստանը՝ Իսրայելում: Զոհրաբ Մնացականյանի խոսքերը մեջբերում է The Jerusalem Post պարբերականը «Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները ջերմանո՞ւմ են» հոդվածում:

«Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք ավելի քան ուրախ կլինենք նոր որակ հաղորդել Իսրայելի հետ մեր հարաբերություններին», - ասել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը:

Հայ-իսրայելական հարաբերությունների լավացման մասին հայտարարությունները պետք է դիտարկել իսրայելա-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համատեքստում: Իսրայելն այն երկիրն է, որ տարիներ շարունակ զինում է ՀՀ-ին ու Արցախին պատերազմով սպառնացող Ադրբեջանին, իսկ իսրայելցի մասնագետները վերապատրաստում են ադրբեջանական բանակն ու արդիականացնում հայկական երկու պետությունների դեմ ուղղված ադրբեջանական զենքերը:

Հայ-իսրայելական տնտեսական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են, քաղաքական և ռազմա-քաղաքական իմաստով Իսրայելը որդեգրել է միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշում, այդ թվում և ղարաբաղյան հարցում ու Թուրքիայի և Ադրբեջանի հետ կառուցում է ռազմավարական դաշինք կամ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան գեոպոլիտիկ եռանկյունի: Այսինքն, Իսրայելը ռազմավարական կապեր ունի ՀՀ նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

Հիշեցնենք, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների հիմքում ընկած են բազմաթիվ շահեր: Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները նշել էր, որ այդ հարաբերություններն այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին: Այսինքն` այդ հարաբերությունները ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող տեղեկատվությունից: Երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրականորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքն ու կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:

Այսպես, Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը: Բացի այդ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը:

Երկրների հարաբերություններում համագործակցության կարևոր ոլորտը էներգետիկ փոխգործակցությունն է: Իսրայելի կարիքների համար ներմուծվող էներգակիրների 45 %-ը ունեն ադրբեջանական ծագում: Դրան զուգահեռ երկկողմ հարաբերություններում առանցքային է ռազմական համագործակցությունը`Թել-Ավիվն ու Բաքուն կնքել են բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրեր:

Իսրայելն իր արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանին դիտարկում է որպես հակաիրանական պլացդարմ և ՀՀ ԱԳ նախարարի այցն Իսրայել շատ բացասաբար է ընկալվելու Իրանում: Հայ-իրանական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ թավշյա հեղափոխությունից հետո չկա, չկան կոնկրետ տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր: ՀՀ նախկին իշխանությունների կողմից սկսված տրանսպորտային, էներգետիկ նախագծերն Իրանի հետ դեռևս կիսատ են: Չպետք է մոռանալ, որ Ջոն Բոլթոնն Երևան այցելելով կոչ արեց ՀՀ-ին վերանայել իր կապերն Իրանի հետ, որը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն`ելնելով թե’ իր աշխարհագրական դիրքից, թե’ ղարաբաղյան հարցում բալանսավորված քաղաքականությունից, թե’ Իրանում գտնվող հայ համայնքից:

Իսրայել-Հայաստան հարաբերություններում կտրուկ տեղաշարժեր տեղի չեն ունենա: Հայ-իսրայելական հարաբերությունները կարող են որոշակի մակարդակի հասնել` տնտեսական և այլ ոլորտներում, սակայն դրանք չեն կարող հասնել ադրբեջանա-իսրայելական ռազմավարական կապերի մակարդակին:


ՀՀ դիվանագիտությունը պետք է հաշվարկի բոլոր այն ռիսկերն ու Իրանի սուր արձագանքը հայ-իսրայելական հարաբերությունների ջերմացմանն ու Իրանի հետ նախապես դիվանագիտական խողովակներով ճշգրտի Թեհրանի հնարավոր արձագանքը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...