ԲՀԿ-ն լուրջ հավակնություններ է ունենալու գալիք ընտրություններում

149

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ցուցակը արմատական փոփոխություններ կկրի։ Փաստորեն ԲՀԿ-ն գնում է թիմի թարմացման և «ռեստարտի», այն համալրելով պրոֆեսիոնալ կադրերով` հասարակության շրջանում դրական իմիջ ունեցող անձինք տեղ են գտնելու ԲՀԿ-ի նոր ցուցակում:

ԲՀԿ-ն սկսում է ֆիլտրել ցուցակը, որպեսզի կարողանա գալիք ընտրություններում պայքարել լուրջ արդյունքներ գրանցելու համար: Դրան է նպաստելու նաև Փաշինյան-Ծառուկյան հուշագիրը. ԲՀԿ-ն կանգնում է վարչապետի կողքին, ինչի շնորհիվ կարող է հավակնել երկրորդ տեղին ապագա ԱԺ-ում, հաշվի առնելով ՀՀԿ-ի թուլացումն ու ԲՀԿ-ի մոտ ստարտային լավ պայմանները:

Ծառուկյանը ճանաչված անձ է, բիզնեսի լայն ցանց ունի ՀՀ-ում, ինչպես նաև տիրապետում է մեդիառեսուրսների: Բացի այդ, ԲՀԿ-ն, հավանաբար, կփորձի իր շուրջ համախմբել նաև արտախորհրդարանական որոշ ուժերի`ավելի լայն թիմով ընտրություններին մասնակցելու ու իր էլեկտորատը մեծացնելու համար: Դրան է միտված նաև ԲՀԿ-ի համագործակցությունը ղարաբաղյան պատերազմի վետերանների կազմակերպության` ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հիմնադրած «Երդվյալ ազատամարտիկների» միության հետ: Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել միության համագումարին ու պարգևատրվել է:

Եթե ԵԿՄ-ն նախկինում համարվում էր ՀՀԿ-ի «հենարանը», ապա Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո հնարավոր է ԵԿՄ-ի նախագահ ընտրվի Փաշինյանի թիմակից ու համախոհ համարվող Սասուն Միքայելյանը կամ Արամ Սարգսյանը` այս պահին ԶԼՄ-ներում այս երկու անունն է շոշափվում, որպես ԵԿՄ նախագահի ամենահավանական թեկնածուներ: «Երդվյալ ազատամարտիկների» միությունն էլ հնարավոր է գալիք ընտրություններին իր աջակցությունը հայտնի ԲՀԿ-ին ու Ծառուկյանին` դրանով իսկ ղարաբաղյան պատերազմի վետերանների ձայների մի մասը կարող է գնալ այս քաղաքական թիմին:


Գալիք ընտրություններում ԲՀԿ-ն բոլոր շանսերն ունի զբաղեցնելու երկրորդ տեղը, բոլորն էլ հասկանում են, որ այս հետհեղափոխական էյֆորիայի ֆոնին ու Փաշինյանի բարձր ռեյտինգի պայմաններում բարդ է լինելու պայքարել առաջին տեղի համար: Բոլոր քաղաքական ուժերը ելնելու են ներքաղաքական դաշտում ստեղծված ստատուս-քվոյից:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ