Ի՞նչ բարեփոխումներ ու մարտահրավերներ են սպասվում Հայաստանին. Foreign Policy Centre

443

2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր Հայաստանում իրադրության այժմյան զարգացումները, կարծես, լավատեսության և զգուշավորության միտումներ ունեն: Այս մասին ասվում է Foreign Policy Centre բրիտանական վերլուծական կենտրոնից Քրեյգ Օլիֆանթի հեղինակած հոդվածում:

Նրա խոսքով՝ ապրիլյան դեպքերն անսպասելի էին, սակայն դրանք տեղի ունեցան միանգամայն խաղաղ կերպով, և Փաշինյանի ու նրա կառավարության հանդեպ դրական վերաբերմունք կա ժողովրդի կողմից:

Փորձագետը նշում է, որ միանշանակ լայնածավալ բաեփոխումներ իրականացնելու կարիք կա, հատկապես քաղաքաշինության, գյուղատնտեսական եւ էներգետիկ ոլորտներում: Անհրաժեշտ է ուսումնասիրել երիտասարդ տաղանդավոր մասնագետների հարցը, ինչպես նաև արտասահման մեկնածների վերադարձի խնդիրը:
Բացի այդ, հեղինակը նշում է, որ դեռ հսկայական աշխատանք պետք է տարվի՝ բարեփոխումների կայուն առաջընթացը տեսանելի դարձնելու համար: «Հայաստանը չի ունենա այնպիսի առեւտրային հարաբերություններ և ներդրումներ, որոնք պահանջվում են, եթե դեռեւս չկա բարեփոխումների մասին հստակություն»,- գրում է նա:

Նոր կառավարության առջև բարդ խնդիր է դրված. Հայաստանը գտնվում է թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության տեսանկյունից խոցելի իրավիճակում, իսկ բնակչության գրեթե 30 տոկոսն ապրում է աղքատության շեմին: «Սակայն ակնկալիքներն այժմ մեծ են, եւ ժամանակը միշտ չէ, որ խաղում է նոր կառավարության օգտին: Այնպես որ, դա ևս խանգարում է շոշափելի արդյունքների հասնել»,- ընդգծում է նա:

Հեղինակը կարծում է, որ շոշափելի արդյունքների թվում են վերջերս տեղի ունեցած մի շարք ձերբակալությունները: Քրեյգ Օլիֆանթը նշում է, որ Ռուսաստանն իրավիճակի զարգացման հարցում բավական չեզոք դիրք էր ցուցաբերում մինչև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որի շուրջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ նոր իշխանությունների նախնական հայտարարությունները՝ «վենդետաներ» չգործադրելու մասին, կարծես, իրականությանը չեն համապատասխանում: Ըստ հեղինակի՝ Ռուսաստանի դիրքորոշումը խիստ կարևոր է լինելու դեպքերի հետագա զարգացման հարցում:

Ընտրությունների մասին նշվում է, որ գլխավոր մեխը նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է, որում մեծամասնական համակարգը, ինչը նախկին իշխանությունների կողմից ընդունելի տարբերակ էր, պիտի փոխարինվի համամասնականով: Սակայն Փաշինյանի գլխավոր խնդիրն է՝ ներկայացնել շոշափելի արդյունքներ՝ առանց կտրուկ քայլերի, որոնք կարող են ընտրողների շրջանում անցանկալի արձագանք գտնել:
Իրավիճակը, հեղինակի խոսքով, առաջիկա ամիսներին կշարունակի մնալ անկայուն: Հեղափոխությունից ի վեր նա առանձնացրել է 4 անցումային շրջան կամ նպատակ. 1) ազատվել Սերժ Սարգսյանից, 2) ազատվել Հանրապետական կուսակցությունից, 3) ազատ և արդար ընտրություններ կազմակերպել, 4) հաղթել այդ ընտրություններում, ինչը դեռ նոր պետք է արվի:

Տարածաշրջանային համատեքստում, կարծես, մեծ փոփոխություններ չեն նկատվում: Հեղինակը նշում է, որ, ի տարբերություն ընդդիմություն եղած ժամանակների, վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կմնա ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի կազմում: Իսկ Բրյուսել այցելության ժամանակ նրա հղած գլխավոր մեսիջն այն էր, որ Հայաստանն այլևս կոռումպացված, օլիգարխիկ և ավտոկրատ պետություն չէ: Վարչապետի գլխավոր այցեքարտն իր լեգիտիմությունն է:

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի ազդեցությունը մեծ է պետության վրա մի շարք պատճառներով, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, անվտանգության և ռազմավարական բնույթի մի շարք լծակների առկայության պատճառով:

Վերջում նա անդրադառնում է Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ նշելով, որ Հայաստանի կողմից մեծ փոփոխություններ դժվար է ակնկալել: Փաշինյանը, ըստ հեղինակի, արել է երկու կարեւոր հայտարարություն. նա խոսում է միայն Հայաստանի անունից, իսկ Արցախը պետք է ներկայացնեն Արցախի գործող իշխանությունները, եւ երկրորդ՝ Բաքուն պետք է հստակ հայտարարի խաղաղ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: Սակայն օգոստոսի 2-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է Ստեփանակերտին ներառող բանակցությունների նոր ձևաչափը բացառելու մասին, և որ խաղաղություն չի լինի, քանի դեռ Բաքվին չեն վերադարձրել իրեն պատկանող տարածքները:

«Ելնելով այդ դիրքորոշումից եւ սպասվող ընտրություններից առաջ Երեւանի նոր կառավարության համար մանևրելու սահմանափակ հնարավորությունից՝ դժվար է տեսնել բանակցություններում առաջընթացի վաղ հեռանկար»,- գրում է փորձագետը՝ հավելելով, որ Բաքվի ռազմատենչ հայտարարությունների մեջ որոշակի թուլացում հնարավոր է տեսնել: Նա կարծում է, որ սեպտեմբերի 1-ին Ալիևի՝ Մոսկվա ծրագրված այցին պետք է հետևել նաեւ Երևանի և Բաքվի միջև հնարավոր հեռահար կապի հաստատման համատեքստում:

Տպել

Թեմայի այլ նորություններ