24.11.2024
Մամուլ. իշխանավորները «մրմռում են»` Մարտի 1-ի հետ կապ ունեցողների հաշիվները սառեցվել են
prev Նախորդ նորություն

Հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը չի կպնի. պատգամավորը սպասում է կալանավորման

Օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել։ Նման որոշում է կայացրել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են քննչական կոմիտեից։


Ի պատասխան այս հրապարակման՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հետևյալ գրառումն է կատարել Facebook-յան իր էջում.


«Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։


Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում»,- գրել է Ֆարմանյանը և որպես հետգրություն հավելել.


«Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը»։