Իրողությունները փոխվել են՝ Արցախը ավելի մեծ ներգրավում պետք է ունենա. ԱԳՆ

228

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, նոր բան չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


«Մենք տարիներ տարիներ շարունակ ասել ենք ու շարունակում ենք ասել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել և այդ մասին թե՛ վարչապետը, թե՛ այլ ձևաչափերով խոսվել է, ինչը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում», - ասաց Բալայանը:


Նա նշել է, որ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց Արցախի անմիջական մասնակցության անհնար է հասնել խաղաղության: Ճիշտ է, Ստեփանակերտը որոշակիորեն ներգրավվածություն ունի բանակցություններին և կան փաստաթղթեր, որոնք բոլոր կողմերի մասնակցությունն են կարևորում, այդուհանդերձ Բաքում հրաժարվում է ուղղակիորեն բանակցել Արցախի հետ:  


«Մեր խնդիրն է այսօր, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները գիտակցեն, որ արդյունքի հասնելու ճանապարհը Արցախի հետ ուղիղ բանակցելն է: Իհարկե, Հայաստանը, հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը, չի հրաժարվում բանակցելուց, բայց Ստեփանակերտի մասնակցությունը խաղաղության հասնելու համար անհրաժեշտություն է»,- շեշտեց Տիգրան Բալայանը:


ԱԳՆ խոսնակը նաև հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադրություն են հայտնել հունիսի սկզբին այցելել Հայաստան և հանդիպել ՀՀ նոր ղեկավարության հետ և այս պահին այցելության ժամկետները ճշտվում են: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ապա այս պահի դրությամբ այդ մասով որևէ պայմանավորվածություն չկա:

Տպել

Թեմայի այլ նորություններ