Հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործում. ՊՆ

208

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ Անդրեյ Իվանովին և ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:


Անդրեյ Իվանովը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պետական ծառայության մեջ:


ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարևորել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման գործում և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս շարունակվելու են ընդլայնվել և զարգանալ` օգտագործելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը:


Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև երկու երկրների համագործակցության կարևորությունն ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական մակարդակներում, նախանշվել են առաջիկա անելիքները:


Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տպել

Թեմայի այլ նորություններ