Դատախազությունը քրեական գործեր է հարուցել Երեւանում տեղի ունեցող ցույցերի փաստով

320

Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:


Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:


Ապրիլի 16-ին առավոտվանից շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները:


Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաև քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:


Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:


Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ բախում ոստիկանական ուժերի ու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած ցուցարարների միջեւ: Հնչեցին պայթյուններ, կան վիրավորներ: Այնուհետեւ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ: Այժմ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակում ԱԺ-ի մոտ. զրահաբաճկոններ են հագնում:

Տպել

Թեմայի այլ նորություններ