Հայաստանն ընտրեց. խաղի արդյունքը կանխորոշված էր այն դեռ չսկսված

Ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերաբերյալ քաղաքական ուժերի գնահատականները տրամագծորեն տարբեր են, երբեմն անգամ` իրարամերժ: Եթե իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այս ընտրությունները դրական իմաստով համարում են «շրջադարձային ՀՀ քաղաքական պատմության մեջ», ապա որոշ ընդդիմադիր ուժեր նշում են, որ քվեարկության ընթացքում «սահմանվել է կեղծիքների ու խաբեության ռեկորդ»:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, արդեն ամփոփոխվել են քվեաթերթիկների 99,8 տոկոսը: Ինչպես նշում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ըստ նախնական տվյալների՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37%, «Ելք»՝ 7,78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։ Մյուս քաղաքական ուժերը, ըստ նախնական տվյալների, չեն հաղթահարում կուսակցությունների կամ դաշինքների համար սահմանված համապատասխան 5 եւ 7 տոկոսանոց շեմերը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն` 0.94%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն` 3.72%, «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք` 1.65%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 0.75% եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք` 2.7%:


Ընտրությունների արդյունքները, ինչպես եւ տեղի է ունենում շատ հետխորհրդային երկրներում, արժանահավատ չեն ընդիմության ներկայացուցիչների համար, իսկ դիտորդները հայտնում են տարաբնույթ ընտրախախտումների մասին:


«Խառնաշփոթ եւ խաբեության ռեկորդ»


Յոթ տոկոս շեմն այս պահին չհաղթահարած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը նկատում է, որ խախտվել է ընտրությունների գաղտնիությունը, իսկ քվեարկությանը մասնակցության բարձր տոկոսը «կեղծիքների եւ խաբեության ռեկորդ է»:


«Մինչեւ ժամը մեկը-երկուսը ընտրատեղամասերից ոչ մի հեռարձակում չէր աշխատում, փաստորեն, օրենքի դրույթն ընտրությունների կեսի ժամանակ խախտվել է, այդ ժամանակ էլ գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը, հենց այդ շրջանում են մարդկանց բերել: Այդ խառնաշփոթի մեջ ոչ ոք չէր կարողանում վերահսկել, թե տեղամասերում ինչ է կատարվում», - հայտնել է նա՝ հավելելով, որ հենց այդ պատճառով քվեարկության օրվա կեսից դաշինքը հայտարարություն է արել ընտրությունների ընթացքի մասին:


Նա պնդում է, որ խախտվել է ընտրությունների գաղտնիությունը, քանի որ մարդկանց ընտրատեղամասերում բացահայտ ուղղորդել են: «Դեպքեր կային, որ մարդիկ կանգնած էին քվեարկողների հետեւում եւ վերահսկում էին ընտրողների քվեարկությունը, եւ դա ձեւակերպվում էր որպես ընտրողին օգնելու միջոց: Մեր ներկայացուցիչները դիմել են հանձնաժողովների նախագահներին, սակայն նրանք հրաժարվել են վստահված անձանց ասածները արձանագրելուց, ոստիկանները նույնպես չեն արձագանքել: Տեղամասերում հայտնաբերել ենք ծրարներ, մարդկանց ստիպել են անգամ քվեարկած ծրարներով ներս մտնել», - ասաց նա՝ հավելելով, որ ամենամեծ խախտումը, սակայն, մասնակցության բարձր տոկոսն է՝ շուրջ 60 %՝ 1,6 մլն մասնակցություն:


«Հայաստանում այդքան ընտրող գոյություն չունի, կան վիճակագրական պարզունակ հաշվարկի ձեւեր՝ ամեն հարյուրից 65% -ն է քվեարկում: Սա կեղծիքների եւ խաբեության ռեկորդ է», - վստահ է Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանի իրական քվեարկողների թիվը չի կարող անցնել 1.3 միլիոնը: «Ակնհայտ է, որ շատ տեղամասերում ոչ միայն հարյուր տոկոս մասնակցություն է եղել, երեւում է նաեւ, որ առնվազն 200 հազար մարդ ավել է քվեարկել»,-հայտարարեց նա:


Խախտումները կազդե՞ն արդյունքների վրա


Բազմաթիվ խախտումներ, aravot.am-ի փոխանցմամբ, արձանագրել են «Ելք» դաշինքի անդամներն ու վստահված անձիք: Այս մասին քվեարկությունից հետո հրավիրած մամուլի ասուլիսին հայտնել է ԵԼՔ դաշինքի անդամ, պատգամավորության վարկանիշային թեկնածու Մանե Թանդիլյանը։ Նա թեպետ վստահ է, որ կան խախտումներ, որոնք կազդեն ընտրության արդյունքների վրա, սակայն հորդորում է սպասել վերջնական արդյուքնների հրապարակմանը:


Նրա խոսքով՝ քվեարկության օրն առավոտյան 60 տոկոսից ավելի մասնակցություն էր գրանցվել և այն, որ հերթ էր տարբեր ընտրատեղամասերում, տարօրինակ էր: Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինթի արձանագրած արդյունքներին՝ նա ընդգծեց, որ Հայաստանի ընտրողները փաստորեն չեն տարանջատում «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմադիր է, թե իշխանական։


«Շատերը ձայն են տվել «Բարգավաճ Հայաստանին» որպես ընդդիմադիր ուժի, և մենք այդ մասին իմանալով քարոզարշավի ժամանակ կոչ էինք անում մարդկանց ճիշտ կողմնորոշվել: Մենք ասել ենք այն, ինչ կարող ենք և ինչ պետք է անի պատգամավորը, այլ ոչ թե ասֆալտներ փռի ու բարեգործություն անի։ Ինչ-որ խոստացել ենք, դա անելու ենք», - ասաց նա:


«Պարտության պատճառն ուրիշների մեջ չփնտրել»


Իշխող Հանրապետական կուսակցությունը գոհ է քարոզարշավից եւ ընտրությունների ընթացքից: Ընտրախախտումների վերաբերյալ դիտորդների եւ ընդդիմության պնդումներին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հակադարձում է, որ անգամ եթե ահազանգերը տեղին են, իսկ առկա է 8900 ահազանգ, ապա 1,6 միլիոն մասնակցության պարագայում դա չնչին թիվ է: «8900 ահազանգերը կկազմեն այս թվի 0.7 տոկոսը, եթե, իհարկե, համապատասխանեն իրականությանը: Դրանց օբյեկտիվ լինելու դեպքում մենք կունենանք 99.3 տոկոսանոց մաքուր ընտրություններ: Սա բացարձակ արժեքի պես բան է», - հաշվեց ՀՀԿ փոխնախագահը:


Դիտորդական տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց և դիտորդների հրապարակած ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներից վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենից տարածված ընտրախախտումը եղել է քվեարկության ուղորդումը, ընդ որում այս հարցում աչքի են ընկել հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:


«Թվեր դժվար է ասել, սակայն կարող եմ նշել, որ քվեն վերահսկվել է, իսկ սա նշանակում է,որ խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա», - ասաց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:


Միեւնույն ժամանակ ՀՀԿ-ում վստահ են, որ ընտրությունների ընթացքը, քարոզարշավը ցույց տվեցին, որ սահմանադրական բարեփոխումներն ավելի ժողովրդավարական Հայաստան կառուցելու համար կյանքի է կոչվում «ի շնորհիվ մեր քաղաքացիների, 9 մասնակից քաղաքական ուժերի, լրագրողների, դիտորդների, միջազգային կառույցների»:


ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի խոսքով, իրավապահ մարմինները եւ դատախազությունը համարժեք արձագանք են տվել բոլոր ընտրախախտումներին: Նրա խոսքով, բազմաթիվ դիտորդներ, ինչպես միջազգային դիտորդական առաքելություններ, այնպես էլ տեղական, ծածկել են հանրապետության ամբողջ տարածքը, բոլոր քաղաքական կուսակցությունները հնարավորություն են ունեցել  վիդեոհեռարձակման միջոցով ունենալ վերահսկման հնարավորություն:


Նրա ձեւակերպմամբ` ընտրություններն իդեալական չէին, բայց առաջընթացի մեխանիզմներ կային, ինչն ընձեռվում էր նոր ընտրակարգով: ՀՀԿ ներկայացուցիչը դատապարտեց բոլոր երևույթները, որոնք ուղղված են եղել ԶԼՄ-ների աշխատանքները խանգարելուն: Միեւնույն ժամանակ նա կոչ արեց քաղաքական ուժերին իրենց պարտության պատճառը ուրիշների մեջ չփնտրել: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի մասին ահազանգերին, Ֆարմանյանը հույս ունի, որ բոլոր հաղորդումները պատշաճ ուսումնասիրության կենթարկվեն:


Խաղի ադյունքը կանխորոշված էր դեռ այն չսկսված


ԿԸՀ հրապարակած նախնական տվյալները եւ նոր ընտրակարգի նրբությունները հաշվի առնելով կարելի է ասել, որ իշխող ՀՀԿ-ն ստանում է բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Համաձայն նոր ընտրակարգի, խորհրդարան չանցած քաղաքական ուժերի ստացած ձայները համամասնաբար բաշխվելու է ընտրական պատնեշը հաղթահարած ուժերի միջեւ: Ուստի, ըստ խիստ նախնական հաշվարկների, ՀՀԿ-ն նոր խորհրդարանում կստանա պատգամավորական տեղերի շուրջ 53-54%, «Ծառուկյան» դաշինքը՝ 28-29%, «ԵԼՔ» դաշինքը՝ 8-9%, իսկ ՀՅԴ-ը՝ 7-8%: Միանձնյա իշնաություն ձեւավորելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 54 տոկոսը, որը նոր օրենսդրությամբ կոչվում է կայուն մեծամասնություն:


Այս պահի դրությամբ ՀՀԿ-ն դեռ չի ապահովում կայուն մեծամասնության համար անհրաժեշտ թիվը, ուստի նրան հարկավոր կլինի կազմել իշխող կոալիցիա որեւէ քաղաքական կուսակցության կամ դաշինքի հետ: Ամենայն հավանականությամբ, ինչպես նշում են փորձագետները, ՀՀԿ-ն չի հրաժարվելու իր կոալիցիոն գործընկերոջից՝ «Դաշնակցությունից»: Ըստ նույն կանխատեսումների խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից կարող են հանդես գալ «Ծառուկյան» եւ «ԵԼՔ» դաշինքները: Միեւնույն ժամանակ հարց է առաջանում, արդյոք Հայաստանի ամենհարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական բլոկն իսկապես կդառնա ընդդիմություն:


Քարոզարշավի ժամանակ այդ դաշինքի ներկայացուցիչները պնդում էին, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմելու:


Ապագա խորհրդարանի որվագծվող ներկապնակը հիմք է տալիս ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել ֆարմանյանին պնդել, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանը մեկ քայլ առաջ կլինի նախորդից: «Եթե նոր սահմանադրական փոփոխություններով եւ Ընտրական օրենսգրքով ընդդիմությունը սկսի աշխատել խորհրդարանում, ապա այն կունենա մեծ հնարավորություն ստեղծել հակակշիռներ եւ առանց իր մասնակցության թույլ չտալ որեւէ ճակատագրական որոշման կայացում», - վստահ է Ֆարմանյանը:


Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով, քվեարկության արդյուքների պատկերը սպասելի էր, քանի որ խաղի արդյունքը կանխորոշված էր այն չսկսած: «Իշխող կուսակցությունը գործի էր դրել վարչական ռեսուրսը, ընտրակաշառքի մեխանիզմը եւ ցուցակագրումները՝ փորձելով ընտրատեղամասերում առերեւույթ ապահովել մաքուր ընտրությունների տպավորություն: Ուստի ի սկզբանե պարզ էր, որ ընտրապայքարը հավասար չէր բոլոր խաղացողների համար, ինչն էլ հանգացրեց նման արդյունքների», - մեզ հետ զրույցում նշեց Բաղդասրյանը:


Արտաքին կողմնորոշումը եւ Արցախը


Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ խորհրդարան են նացնում արտաքին քաղաքականության հարցում բալանսավորված մոտեցումներ ունեցող քաղաքական ուժեր: Նրանցից գոնե 3-ը՝ ՀՀԿ-ը, ՀՅԴ-ը եւ «Ծառուկյան» դաշինքը կողմ են Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի՝ միեւնույն ժամանակ կաեւորելով ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ համագործակցության խորացումը: Որոշակի բացառություն է կազմում «ԵԼՔ» դաշինքը, թեպետ արտաքին կողմնորաշման հարցում այս քաղաքական դաշինքում միանշանակ ընկալումներ չկան:


Դաշինքի որոշ անդամներ շեշտը դնում են Եվրամիության հետ կապերի ամրապնդման վրա՝ անգամ կարեւորելով ԵԱՏՄ-ից դուրս գալու հանգամանքը: Մյուս կողմից, սակայն դաշինքի լիդերները այս հարցին տալիս են ոչ հստակ, հերթապահ եւ չեզոք պատասխան. «Մենք ցանականում ենք կառուցել եվրոպական տիպի պետություն»: Իսկ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից միանշանակ դուրս գալու մասին հստակ հայտարարող քաղաքական ուժը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չստացավ անգամ ընտողների ձայների 1%-ը:


Մյուս կողմից ընտրական գործընթացի հետաքրքիր հանգամանքներից մեկն էլ այն էր, որ խորհրդարանում ներկայացաված չի լինելու «Խաղաղաղության ծրագրով» ընտրապայքար «նետված» հանդես եկած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը: Այն փաստացի առաջարկում էր փոխզիջումների հիման վրա շուտափույթ լուծել ԼՂ հակամարտությունը: Այս ուժի առաջ քաշած լուծման բանաձեւը հետեւյալն էր՝ «տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի կամ որ նույնն է՝ խաղաղության (իսկ ավելի ստույգ՝ չկրակելու) դիմաց»:


Այս տեսանկյունց Հայատանում ապրիլի 2-ին անցկացված ընտրությունները երկրի արտաքին քաղաքական վեկտորի վերանայման եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարացում տարածքներ միջանկյալ կարգավիճակի դիմաց բանաձեւի վերաբերյալ յուրահատուկ հանրաքվե էր: Իսկ հանրաքվում արեւմտամետ եւ ԼՂ հարցում փոխիջումների միանշանակ կողմնակից ուժերը տապալվեցին:


Արշալույս Մղդեսյան

Տպել

Թեմայի այլ նորություններ