Գերմանիան չի կարող Թուրքիայի նկատմամբ շարունակել նույն քաղաքականությունը վարել։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը։«Մենք պետք է վերանայենք Թուրքիայի նկատմամբ մեր քաղաքականությունը»,- ասել է նա՝ մեկնաբանելով երկու պետությունների հարաբերությունների վատթարացումը։ Նախարարի խոսքով՝ նման տեսակետ ունեն նաեւ կանցլեր Անգելա Մերկելն ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը։Մասնավորապես՝ Գերմանիան կարող է կրճատել Թուրքիա ներդրումները։ «Չի կարելի խորհուրդ տալ ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ անվտանգություն չկա եւ որտեղ ձեռնարկություններին եւ ահաբեկիչներին միեւնույն մակարդակում են դասում»,-ասել է նախարարը։Գաբրիելը նաեւ նշել է, որ Թուրքիայում 6 իրավապաշտպանների, ներառյալ՝ գերմանացի Պետեր Շթոյդթների կալանավորումը ծրագրված ակցիա է։Նախարարը գերմանացիներին զգուշացրել է Թուրքիա այցելելու վտանգավորության մասին։