Պարտա՞ստ է Թրամփը «կրակով» դիմավորել Փհենյանի սպառնալինքները. Մաքքեյնը կասկածում է
Հյուսիսային Կորեան կբախվի «կրակի ու բարկության», որն աշխարհը երբեք չի տեսել, եթե նորից սպառնա ԱՄՆ-ին։ Այս մասին հայտնե լ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։ Մինչդեռ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կասկածում է, որ Թրամփը պատրաստ է կտրուկ գործողությունների գնալ ուստի և խորհուրդ է տվել նրան չսպառնալ, եթե պատրաստ չէ գործել։
Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նոր պատժամիջոցների փաթեթի հաստատումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում արել է հետևյալ գրառումը. «Հյուսիսային Կորեան ավելի լավ է չսպառնա Միացյալ Նահանգներին։ Նրանք կբախվեն կրակի ու կատաղության, որը աշխարհը երբեւէ չի տեսել։ Փհենյանը սպառնալիքներ է շաղ տալիս․․․ Ու ես ասում եմ, որ նրանք կբախվեն կրակի,, կատաղության ու բացահայտ ուժի, որն աշխարհը դեռ երբեք չի տեսել»։
Ի պատասխան Թրամփի գրառման ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է սպառնա Հյուսիսային Կորեային, եթե պատրաստ չէ գործել։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով KTAR ռադիոկայանը։ Նրա խոսքով՝ «պետք է վստահ լինել, որ կկարողանաս անել այն, ինչի մասին հայտարարում ես»։ «Մեծն առաջնորդները, որոնց ես տեսել եմ, չեն սպառնում, եթե պատրաստ չեն գործել, եւ ես վստահ չեմ, որ նախագահ Թրամփը պատրաստ է գործել»,- ասել է Մաքքեյնը։
Նա նաեւ հայտարարել է, թե չգիտի՝ արդյո՞ք ԿԺԴՀ-ին ուղղված Թրամփի սպառնալիքը «լուրջ էր»։ Սակայն Մաքքեյնը կարծում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն իսկապես պատրաստ է պատերազմի։ «Ես կարծում եմ, որ Փհենյանի առաջնորդը խելագար է, սակայն պատրաստ է սահմանն անցնել»,- ասել է սենատորը։