ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության պետ Հիզեր Նաուերթը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի արեւելքում խաղաղապահ ուժերը պետք է ընդլայնված մանդատ ունենան, այդ թվում՝ նրանց պետք է տեղակայել ռուս-ուկրաինական սահմանին: Նա հավելել է, որ Վաշինգտոնը նման միջոցառումը քննարկում է որպես Ուկրաինայի քաղաքացիների պաշտպանության հնարավոր միջոց: Սեպտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ աջակցում է Ուկրաինա խաղաղապահների ուղարկելու գաղափարին: Նա ընդգծել էր, որ խաղաղապահները, բացի շփման գծից, ոչ մի այլ տեղ չպետք է գտնվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: