Թրամփի գործողությունները սպառնում են համաշխարհային երրորդ պատերազմով. սենատոր
Ամերիկացի հանրապետական սենատոր, միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Բոբ Կորկերը New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սպառնալով այլ պետությունների, կարող է երկիրը բերել համաշխարհային երրորդ պատերազմի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Սենատորի կարծիքով՝ Թրամփը Սպիտակ տանն իր պաշտոնին վերաբերում է ինչպես ռեալիթի-շոուի: Նա նշել է, որ դա անհանգստացնում է իրեն, ինչպես անհանգստացնում է յուրաքանչյուր մարդու, ով անտարբեր չէ ազգի նկատմամբ:
Բացի այս, սենատորը նշել է, որ իր գրառումներով Twitter-ում Թրամփը բազմիցս է վնասել ԱՄՆ դիվանագիտական ջանքերին: Դա,մասնավորապես, վերաբերել է ընթացող բանակցություններին:
Ավելի վաղ Բոբ Կորկերը հայտարարել էր, որ չի պատրաստվում 2018 թվականին վերընտրվել երրորդ վեցամյա ժամկետում: Թրամփն անարձագանք այդ հայտարարությունը չի թողել և Twitter-ում սարկազմով գրառում է կատարել: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ մերժել է Կորկերին նշանակել պետքարտուղարի պաշտոնում և մեղադրել Իրանի հետ միջուկային գործարքին մասնակցելու մեջ: Ի պատասխան դրա Կորկերը դարձյալ Twitter-ում գրառեց, որ Սպիտակ տունը վերածվել է մեծահասակների համար մանկապարտեզի: