ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիին դիտարկում է որպես պետքարտուղարի հնարավոր թեկնածու։ Թրամփի եւ Ռոմնիի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 20-ին, փոխանցում է DW–ն։ Նշանակման դեպքում Ռոմնին կդառնա Հանրապետական կուսակցության այն թեւի ներկայացուցիչը, որը դեմ էր Թրամփի առաջադրմանը։ Նա արտաքին քաղաքականության, մասնավորապես` ռուս–ամերիկյան հարաբերություններում ավելի պահպանողական հանրապետական հայացքների ներկայացուցիչ է։ «Եթե ես նախագահ դառնամ, պարոն Պուտինն ավելի քիչ ճկունություն եւ ավելի շատ կոշտություն կտեսնի»,– ասել էր Ռոմնին 2012 թվականի նախընտրական արշավի ժամանակ։ Թրամփի մտերիմ համախոհ սենատոր Ջեֆֆ Սեշնսի խոսքով՝ լավ է, որ ընտրված նախագահը հանդիպում է այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Ռոմնին է։