ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակի ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին, հայտնում է The Washington Post: Ըստ պարբերականի, հավանաբար, այդ մասին կհայտարարվի գալիք շաբաթվա սկզբին: Ջեյսմ Մեթիսը համարվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուն: Գեներալն ու Թրամփը հանդիպել են նոյեմբերի 17-ին, որից հետո Թրամփը հայտարարել է, որ Մեթիսը «փայլուն, հիանալի մարդ է»: Մեթիսը ծառայել է Պարսից ծոցում, Աֆղանստանում և Իրաքում, արժանացել է «Կատաղի շուն» մականվանը իսլամիստ ծայրահեղականների հանդեպ անողոք վերաբերմունքի համար: Նախարարների թեկնածությունները պետք է հաստատվեն Սենատում: Սակայն, Մեթիսի դեպքում հարկավոր է Կոնգրեսի Վերին պալատի լրացուցիչ թույլտվությունը: Պարբերականը դա բացատրում է նրանով, որ ԱՄՆ-ում օրենք կա, որով ՊՆ ղեկավար կարող է նշանակվել միայն այն անձը, որը 7 տարի է չի ծառայում: Մեթիսը հեռացել է պաշտոնից 2013-ին: