Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիան կստանա շուրջ երկու տարվա ընթացքում, այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության (SSM) քարտուղարության ներկայացուցիչ Իսմայիլ Դեմիրը: Նա նշել է, որ զինատեսակի՝ Թուրքիա մատակարարման մոտավոր ժամկետներն արդեն պարզ են, սակայն թուրքական կողմը շարունակում է բանակցությունները՝ այդ ժամկետները հնարավորինս կրճատելու համար: «Մի բան ես հստակ կարող եմ ասել. դա տեղի կունենա առաջիկա երկու տարվա ընթացքում», - ասել է Դեմիրը: Նա նաև նշել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման ու մատակարարման մասին մամուլում տարածված տեղեկությունների մի մասը չի արտացոլում իրականությունն ու խառնաշփոթ է առաջացնում մարդկանց մոտ: