ԵԽ պետությունների ղեկավարների 4-րդ համագումարը կազմակերպելու նախաձեռնությունը ողջունելի է
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ողջունում է Եվրոպայի խորհդի անդամ պետությունների ղեկավարների չորրորդ համագումարը կազմակերպելու նախաձեռնությունը: Ըստ Հայաստանի ներկայացուցչի՝ այն այսօր պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ:
«Ահաբեկչական հարձակումները, եվրո-սեպարատիզմի աճը, ազգայնամոլությունը, պոպուլիզմը, այլատյացությունը, բաց և սառեցված հակամարտությունների առկայությունը, անեքսիաները և հարևանների տարածքների շրջափակումը և այլ չարիքները վտանգում են մեր միասանությունը, մեր վերազգային կազմակերպության միասնությունը: Բացի այս արտաքին սպառնալիքներից, դժբախտաբար, մենք առերեսվում ենք նաև ներքին վտանգների: Ես հավատում եմ, որ այն իրավիճակում, երբ ահաբեկչական հարձակումները դառնում են սովորական երևույթ, երբ մեզ շրջապատում է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը, մենք չենք կարող թույլ տալ ներքին հակասություններ մեր Վեհաժողովում»,- ԵԺԿ խմբի անունից իր ելույթում նշել է նա:
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ պետք է հիշել հիմնաքարային արժեքների մասին և այն, թե ինչու և ինչ նպատակներով է ստեղծվել այս կազմակերպությունը:
«Չորրորդ համագումարը կարող է դառնալ մեր առաքելությունը մեզ բոլորիս հիշեցնելու լավ հարթակ, հիշեցնելու, որ մենք, անդամակցելով այս բարձր համբավ ունեցող կազմակերպությանը, պարտավորություններ ենք ստանձնել և այդ ստանձնած պարտավորությունները պետք է մնան անփոփոխ, և մենք պարզապես իրավունք չունենք հետ կանգնել դրանցից»։
Հովհաննիսյանը ևս մեկ գաղափար է արտահայտել.
«Մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ շոշափելի նախապայման է հաջողության հասնելու համար։ Այն պետք է ավելի համապատասխանեցվի կարիքներին և ներդաշնակեցվի։ Չափանիշներին համապատասխանեցումը կբարձրացնի արդյունավետությունը մեր նպատակների իրականացման գործընթացում։ Նախորդ համագումարին՝ 2005 թվականին, բոլոր խոսնակները գովաբանում էին այն փաստը, որ մեր մայրցամաքը ապրում է իր պատմության մեջ լավագույն ժամանակները, քանի որ Եվրոպան երբեք չի եղել այդքան ամուր, անվտանգ, այդքան մոտ միավորված լինելուն, ինչը արժևորման և հիացմունքի առարկա է ամբողջ աշխարհում: Կարո՞ղ ենք նույնը պնդել այսօր: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք: Դրա համար մենք պետք է միավորվենք մեր արժեքների՝ մարդու իրավունքների, խորհրդարանական ժողովրդավարության պաշտպանության և իրավունքի գերակայության շուրջ: Համագումարը թույլ կտա հետադարձ հայացք գցել մեր ձեռքբերումներին և նվաճումներին, ուրվագծել մեր ապագա քայլերը: Այդ պատճառով ես սատարում եմ Վեհաժողովի ակտիվ ներգրավվածությամբ չորրոդ համագումարի անցկացումը»,- հավելել է նա: