ԵԽԽՎ-ն Բաքվից պահանջում է անհնարինը՝ խավիարային սկանդալի անկողմնակալ հետաքննություն սկսել
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույց է քննարկվել եւ ընդունվել: Armtimes.com-ը, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին գրում է, որ դրանցից առաջինը վերաբերում է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը, հեղինակել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի Ադրբեջանի մասով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը եւ Սեզար Ֆլորինը: Զեկույցի մասով ընդունվել է №14403 բանաձեւը: Կողմ է քվեարկել 117 մարդ, դեմ`18:
Երկրորդը զեկույցը` «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. Հերթական քայլերի վիճակի մասին, որոնք կձեռնարկվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» վերնագրով է: Հեղինակն է բելգիացի պատգամավոր Ալեն Դեստեքսը: Զեկույցի մասով ընդունվել է №14397 բանաձեւը: Կողմ է քվեարկել 114 մարդ, դեմ`24:
Երկրորդ զեկույցի նախագիծը, որում Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տրվում խավիարային դիվանագիտության հետ կապված կոռուպցիոն սկանդալի անկախ եւ անկողմնակալ հետաքննություն սկսել, սեպտեմբերի 6-ին հավանության էր արժանացել ԵԽԽՎ-ի իրավաբանական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի կողմից:
Այստեղ խոսքը Իտալիայից եվրախորհրդարանական, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի գործի մասին է, որն արդեն քննում է Միլանի դատախազությունը` Վոլոնտեին մեղադրելով Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Այս գործը ջրի երես էր դուրս եկել 2016 թվականի ամռանը, իտալական Corriere della Sera թերթի հրապարակումից հետո:
Առաջին բանաձեւի ընդունվելու մասին հայտնի էր դարձել ավելի վաղ: Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը կոչվող բանաձեւով վեհաժողովը մտահոգություն է հայտնել քրեական օրենսդրության կամայական կիրառման, արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների եւ ժողովների ազատության սահմանափակումների վերաբերյալ: