Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում հանդիպում է ունեցել Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումների, վերականգնվող էներգիայի, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտներում երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերը համաձայնել են սկսել Հայաստանի Հանրապետության եւ Քալիֆորնիա նահանգի միջեւ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացը: Նահանգապետ Ջերրի Բրաունը ողջունել է Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի կողմից Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագրին միանալու հանգամանքը, որն ուղղված է պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Նշվում է, որ Հայաստանի երեք մարզերի համալրման արդյունքում Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագիրը ստորագրող կողմերի թիվը 190 է դարձել: