27.11.2024
Արարատ Միրզոյանը կմասնակցի Արցախի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին
15.08.2023
Արարատ Միրզոյանը կմասնակցի Արցախի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին

Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման եւ Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։ VERELQ-ը հիշեցնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառներով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է սահմանել Լաչինի միջանցքում՝ Հակար գետի կամրջի հարևանությամբ։ Ընթացիկ տարվա հունիսին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական սադրանքից հետո Ադրբեջանն արգելեց մարդասիրական բոլոր ուղեւորափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ մարդասիրական օգնություն է ուղարկում Արցախ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից այն ռուս խաղաղապահները կտեղափոխեն Արցախ։ Մարդասիրական օգնություններով բեռնատարները դեռ կանգնած են Կոռնիձորում: