Միջազգային հանրության կոչը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման մասով իրագործված չէ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,Սիրելի ժողովուրդ,
Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցավ հրատապ քննարկում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Եթե ամփոփելու լինենք քննարկումը կարող ենք արձանագրել հետևյալը։
Առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։
Երկրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։
Երրորդ՝ ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել։
Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։
Իհարկե, այս կոչը այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով, Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը։ Մինչդեռ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվում է․ միևնույն ժամանակ, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան։
Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար։ Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում և, հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա։
Միևնույն ժամանակ պետք է կրկնեմ նախկինում ասածս, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում։
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղությունը հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»: