Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վերջերս տեղի ունեցած ազատումն աշխատանքից լայն արձագանք գտավ հայ հասարակության մեջ՝ արագորեն դուրս գալով շարքային կադրային որոշման շրջանակներից: Շատերի համար այս քայլը դարձավ տագնապալի ցուցիչ այն բանի, թե ինչպես են փոխվում պետության և անկախ գիտության միջև հարաբերությունները, մինչդեռ մյուսներն այն ընկալեցին որպես ցավի և հիշողության վրա արգելք դնելու փորձ: Ի՞նչն է ավելի շատ այս պաշտոնանկության մեջ՝ նախընտրական շրջանում տոտալ լոյալության պահա՞նջը, ակադեմիական ազատության սկզբունքների չընկալո՞ւմը, թե՞ բոլոր հասարակական ինստիտուտները վերահսկողության տակ վերցնելու իշխանության ձգտումը: Երկրի ղեկավարության իրական շարժառիթների, քաղաքական կոնյունկտուրայի սահմանների և այն մասին, թե ինչու է իշխող թիմը վերջնականապես խաղադրույք արել բյուրոկրատական ռեսուրսի վրա՝ փոխարինելով կորսված սոցիալական լեգիտիմությունը, VERELQ-ին տված հարցազրույցում պատմել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Լուսանկարը՝ Ալեքսանդր Իսկանդարյան, աղբյուրը՝ ՌԲԿ (РБК)
VERELQ: Չի կարելի ասել, որ տեղի ունեցածն աննախադեպ է, բայց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ազատումը, այնուամենայնիվ, կտրուկ հասարակական հնչեղություն ստացավ: Ինչի՞ նշան է այս պաշտոնանկությունը և, ըստ Ձեզ, որքանո՞վ է այն խարխլել Նիկոլ Փաշինյանի դիրքերը հասարակության մեջ:
Ալեքսանդր Իսկանդարյան: Այս ազատման տրամաբանությունը, ինչպես այն երևում է իշխող թիմի կողմից, միանգամայն թափանցիկ է: Այդ մասին, ըստ էության, ուղղակիորեն հայտարարել է անձամբ Փաշինյանը և ոչ միայն նա: Էությունը հանգում է հետևյալին. եթե անձը պետական ծառայող է և պետությունից աշխատավարձ է ստանում, նա պարտավոր է աջակցել կառավարության քաղաքական կուրսին և իրավունք չունի գործել դրա դրույթներին հակառակ: Իսկ գիրք նվիրելու դեպքում, ըստ երևույթին, պահանջվում է ոչ միայն չհակադրվել կառավարությանը, այլև նախապես կռահել, թե որն է նրա դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ իշխանությունների տրամաբանությունը պարզ է, սակայն այս դեպքում խոսքը գիտական հաստատության տնօրենի մասին է: Գիտական ինստիտուտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային բաժանմունք չէ: Ակադեմիական միջավայրում՝ համենայնդեպս աշխարհի այն հատվածում, որին խոսքով կողմնորոշվում է մեր իշխանությունը, գոյություն ունեն այնպիսի հիմնարար հասկացություններ, ինչպիսիք են ակադեմիական ազատությունները: Գիտությունը զարգանում է ամենատարբեր հայացքների բախման շնորհիվ, և գիտնականը լիարժեք իրավունք ունի տարաձայնություններ ունենալ ինչպես իր գործընկերների, այնպես էլ գիտությունից հեռու մարդկանց հետ:
Ակադեմիական ազատությունների, սեփական կարծիք ունենալու իրավունքի և դրա բազմազանության մասին պատկերացումը կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ առանց դրա գիտությունը, այդ թվում՝ հասարակական, պարզապես գոյություն չունի: Այն չի կարող գործել այնպիսի հարացույցում (պարադիգմայում), որտեղ նրանից պահանջում են սպասարկել վերևից իջեցված միակ ճշմարիտ նարատիվը. նման պայմաններում այն դադարում է գիտություն լինելուց:
Դատելով ամենից՝ իշխանություններն այս ըմբռնումը չունեն, կամ գոնե այն անհետանում է նախընտրական շրջանում, երբ նման արժեքները նրանց թվում են միանգամայն մարգինալ: Ես հակված չեմ տեղի ունեցածը վերագրել բացառապես ինչ-որ մեկի անձնական զգացմունքներին: Անշուշտ, անձնական գործոնը կարող է առկա լինել, բայց ապացուցել դա կամ հաստատապես իմանալ, թե որոնք են անձնական շարժառիթներն այնտեղ, անհնար է: Կարևոր է մեկ այլ բան. մենք գործ ունենք հստակ միտման հետ, որը նկատվում է բազմաթիվ ոլորտներում:
Եվ ահա այժմ այդ միտումը հասել է հասարակական գիտություններին՝ մի ոլորտ, որտեղ անկախ կարծիքի առկայությունը ենթադրվում է ի սկզբանե: Իշխանությունները փորձում են ներդնել մի մոտեցում, որը գիտության մեջ նշվում է «կանխաենթադրույթ» (պրեսուպոզիցիա) բարդ բառով. երբ դու նախապես սահմանում ես ցանկալի արդյունքը և հենց սկզբից գիտես, թե կոնկրետ ինչ պետք է ապացուցես՝ հարմարվելով քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններին: Գիտնականին խիստ սահմանված գաղափարախոսական հարացույցում աշխատելու պահանջը ցույց է տալիս գիտության գործելու մեխանիզմների, այդ թվում՝ պետության կողմից ֆինանսավորվող, խորը չըմբռնում: Չէ՞ որ պետության կողմից ֆինանսավորումը և կառավարության շահերի կույր սպասարկումը բոլորովին տարբեր բաներ են:
VERELQ: Եթե խոսենք այս միջադեպի՝ իշխանության վարկանիշների վրա ազդեցության մասին. ինչպե՞ս դա կանդրադառնա նրանց վրա՝ հաշվի առնելով թեմայի ծայրահեղ զգայունությունը:
Ալեքսանդր Իսկանդարյան: Գիտեք, ինձ թվում է՝ այս թեման իսկապես զգայուն է, բայց միայն հասարակության այն շրջանակներում ու խավերում, որոնք կա՛մ ընդհանրապես չեն գնա առաջիկա ընտրություններին, կա՛մ եթե գնան էլ, հաստատ չեն քվեարկի իշխող կուսակցության օգտին:
Իշխանությունն ակնհայտորեն խաղադրույք չի անում Երևանի գիտական մտավորականության վրա: Նախ՝ քանակական առումով այդ մայրաքաղաքային մտավորականությունն այնքան էլ շատ չէ, որպեսզի որոշիչ ազդեցություն ունենա քվեարկության արդյունքի վրա: Երկրորդ՝ ընտրական հաշվարկը կառուցվում է բնակչության բոլորովին այլ խմբերի վրա: Իսկ թե որքանով է ակադեմիական ազատությունների և պատմության հանդեպ վերաբերմունքի խնդիրը հուզում փոքր քաղաքների ու գյուղերի բնակիչներին, կամ ոչ այնքան բարձր կրթական ցենզ ունեցող ավագ սերնդին՝ սա արդեն հարց է, որի հստակ պատասխանը մենք կստանանք միայն ընտրությունների օրը:
VERELQ: Տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք սա բոլոր պետական և հասարակական ինստիտուտներն (խորհրդարանից և դատական համակարգից հետո) ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու անձնական ձգտման դրսևորում է՝ իշխանությունն առավելագույնս ընդլայնելու նպատակով: Թե՞ գլխավոր նպատակը տոտալ բյուրոկրատական լոյալություն ապահովելն է: Իսկ գուցե սա կանխարգելիչ միջո՞ց է՝ թույլ չտալու որևէ քայլ, որը կարող է բացասաբար ազդել խաղաղ գործընթացի վրա:
Ալեքսանդր Իսկանդարյան: Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ մեկի զուտ անձնական ձգտումն է: Սա իշխող դասակարգի միանգամայն հստակ և գիտակցված դիրքորոշումն է: Իշխանության ներսում բավական ռացիոնալ են հասկանում. ներկայիս ցածր սոցիալական լեգիտիմության պայմաններում (իսկ այն իսկապես ցածր է և ակնհայտորեն չի աճելու) անհրաժեշտ է խաղադրույք անել բյուրոկրատական լեգիտիմության վրա:
Այլ կերպ ասած՝ առաջիկա ընտրություններում գլխավոր խնդիրը ոչ թե ժողովրդականությունն ու վարկանիշները մեծացնելն է, այլ հենց այդ բյուրոկրատական լեգիտիմությունը երկաթբետոնյա կերպով հաստատելը: Այն դարձնել այն հիմքը, որի վրա էլ կկանգնի իշխանությունը: Այս իմաստով նրանց գործողությունները ծայրահեղ ռացիոնալ են, և հասարակության խորը պառակտումը միանգամայն կարելի է օգտագործել որպես գործիք, որպեսզի իշխող թիմը բարեհաջող անցնի ընտրական փուլը:
Կրկնում եմ, սա հոգեբանության կամ մեկ կոնկրետ մարդու պարզ անձնական ցանկության հարց չէ: Նույնիսկ եթե սուբյեկտիվ գործոնն առկա է, գլոբալ հաշվարկը կառուցվում է հենց բյուրոկրատական լոյալության կրիտիկական կարևորության վրա: Այդ լոյալությունը պետք է ապահովվի բացարձակապես ամենուր, քանի որ հենց դրա վրա է իշխանությունը հենվում այժմ և մտադիր է հենվել հետագայում: 2018-ից 2021 թվականների այն ժամանակաշրջանը, երբ երկրի ղեկավարությունը հենվում էր լայնագույն սոցիալական լեգիտիմության, ժողովրդի շրջանում անհավանական ժողովրդականության և աներևակայելի վարկանիշների վրա, անվերադարձ անցել է: Այս քաղաքական գործիքը կորսված է, այն այլևս չկա, և հենց այդ պատճառով են նրանք ստիպված գործել նման կերպ: