Տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք, որը համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է
Տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք, որը համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է: Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ ընդհանուր պատկերում սպանությունները 0,1 տոկոս են կազմում:
«Անցած տարի 12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել: Օպերատիվ աշխատանքի մասին եմ խոսում, որովհետև եթե օպերատիվ աշխատանք չլիներ, կազմակերպված սպանությունները պլյուս կլինեին 12 դեպքով: Սա արդյո՞ւնք է, իհարկե արդյունք է: Բավարա՞ր արդյունք է, իհարկե բավարար չէ»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ կա նաև մտածողությունը փոխելու խնդիր: Օրինակ՝ իրար վրա տրանսպորտային միջոց վարելու հետևանքով կարելի է իրար ծեծել, ու չնայած տարածված պրակտիկան խնդրի լուծման մեթոդ չէ, բռնությանն ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու և խնդիրը այդ կերպ լուծելու պրակտիկան ՀՀ-ում ամրապնդվել է՝ նպաստելով նաև քրեական ենթամշակույթի տարածմանը:
«Այդ ընկալումը կա, որ մեր բակում, մեր ընտանիքում, մեր շրջապատում հարցերը պիտի ոչ թե լուծի պետությունն օրենքով, այլ պիտի լուծի տարածքում գտնվող ինչ-որ մի հեղինակություն: Սա ավելի է ուժեղացնում քրեական ենթամշակույթը ՀՀ-ում: Եթե մենք մտածողությունը չթիրախավորենք, վստահեցնում եմ, որ այս դեպքերը կարող են ավելի սուր դրսևորումներ ի հայտ բերել, և ավելի բացասական պատկեր կունենանք:
Սրա հիմքով եմ ասում, որ 3,2 տոկոս նվազումն իրավապահ համակարգի աշխատանքի արդյունք է, որովհետև դեռևս չենք նկատում մտածողության որևէ փոփոխություն, որովհետև տեղի են ունենում խուլիգանական դեպքեր, առողջությանը ծանր վնասի պատճառման դեպքեր և այսպես շարունակ»,- ասաց նա: