Գործադիրը 205 հողատարածք է հատկացրել Սիսիան-Քաջարան նոր մայրուղու շինարարության համար
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 27-ին հանրային գերակա շահ է ճանաչել Սյունիքի մարզում 205 հողատարածքների օտարումը՝ "Հյուսիս-հարավ" մայրուղու Սիսիան-Քաջարան նոր 60 կիլոմետրանոց ճանապարհի կառուցման նպատակով։
Այս որոշումը վերաբերում է Սիսիան համայնքի ինը և Քաջարան համայնքի երեք բնակավայրերի տարածքներին։
Ասֆալտբետոնե ծածկույթով նոր մայրուղին էականորեն կբարելավի տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունը։ Նախագծի համաձայն՝ ճանապարհը կունենա 11 մետր լայնություն, երեք երթևեկելի գոտի, հինգ թունել և տասնմեկ կամուրջ։ Շինարարության ավարտից հետո ակնկալվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում երթևեկության տևողությունը զգալիորեն կկրճատվի, իսկ միջին արագությունը ներկայիս 50 կմ/ժ-ից կհասնի 100 կմ/ժ-ի։
Ծրագրի իրականացման համար Հայաստանի կառավարությունը 2024 թվականի մայիսին որոշում է կայացրել 236 միլիոն եվրո վարկ ներգրավելու մասին։ Սպասվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի մասնակցությունը 24.25 կիլոմետր երկարությամբ հարավային հատվածի ֆինանսավորմանը։
Հանրային գերակա շահ ճանաչված հողամասերի օտարման գործընթացը պետք է ավարտվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։ Հարկ է նշել, որ նախկինում՝ 2022 թվականի հունիսին, կառավարությունն արդեն իսկ հանրային գերակա շահ էր ճանաչել Սյունիքի մարզում 570 հողամաս այս ծրագրի համար, սակայն հետագայում ցանկը ճշգրտվել է կադաստրային քարտեզներում կատարված փոփոխությունների պատճառով։
Ամբողջ ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032 թվականի նոյեմբեր։ Նոր մայրուղին պետք է նպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների ներգրավմանը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։