Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը մասնակցել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՊՀ մասնակից պետությունների դեսպանների հետ հանդիպմանը, հաղորդում է դեսպանության մամլո ծառայությունը: ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը ավանդական հանդիպմանը մասնակցել են նաև գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Զրույցի ընթացքում ամփոփվել են ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում 2020թ. համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների համակցման կարևորությունը։ Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ: