Արցախի ԱԺ-ում լեզվի օրենքի վերաբերյալ լսումներ կանցկացվեն
Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ին նիստերի դահլիճում կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
«Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին և մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին»,- ասվում է հայտարարությունում։
Արցախի Ազգային ժողովի երեք պատգամավոր՝ խորհրդարանական երեք տարբեր խմբակցություններից, առաջարկում են ռուսերենը դարձնել երկրորդ պաշտոնական լեզու։ Նրանք կարծում են, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզուն ռուսերենն է, բացի այդ նախագիծը հիմնավորում են նաև ռուս խաղաղապահների ներկայությամբ։