Հայաստանի առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին։ «Սադիզմի լպիրշագույն դրսևորում: Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,- գրել է Տեր-Պետրոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 21-ին այցելել էր Սյունիքի մարզ։ Ագարակում և Մեղրիում Փաշինյանին բողոքի ակցիաներով էին դիմավորել։ Վարչապետը քայլերթեր էր իրականացրել քաղաքներում, որոնք ուղեկցվել էին մարդկանց խմբերի կողմից հայհոյախառն վանկարկումներով։