Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարեւոր են ոչ միայն ճշմարտության ու պատմական արդարության, այլև՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Արա Այվազյանը: Այվազյանը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ուղերձում արտահայտված միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցագործությունների կրկնությունն ապագայում Նախարարը նաև անդրադարեցլ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որով նա Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու կոչ է արել: «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին եւ այնտեղ հնչեցված պատրաստակամությանը: Բայց մենք կարեւորում ենք ոչ միայն խոսքերը, այլեւ՝ գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն»,- ասել է Այվազյանը: