26.11.2024
Բաքուն հաստատել է Հայաստանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով վիրավորի առկայությունը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ն դատապարտել է Բաքվում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունները հանդես են եկել 2021 թվականի հուլիսի 10-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ հայտարարությամբ:


Այն ներկայացնում ենք ստորև.


Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից հետո միջազգային իրավունքի և, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարմամբ շարունակվում են թշնամական գործողությունները հայկական պատմական, մշակութային և հոգևոր արժեքների հանդեպ: Եվ այս ամենը ոչ միայն չի դատապարտվում միջազգային կառույցների և առանձին երկրների կողմից, այլև կատարվում է հակառակը. պաշտոնական Բաքուն ոչ մի ջանք չի խնայում այդ նույն կառույցների ու երկրների ներկայացուցիչներին մասնակից և հանցակից դարձնել իր զավթողական ու հակամարդկային գործողություններին:


Այս խորապատկերի վրա պետք է դիտարկել նաև 2021թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ բեմականացված նկարահանումները Շուշիում:


Խստորեն դատապարտում ենք նմանօրինակ գործելաոճը: Դրանով Ադրբեջանը փորձում է Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ զավթել է Արցախի Հանրապետության մեծ մասը, այդ թվում նաև հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կենտրոն Շուշի քաղաքը:


Միջազգային հանրության կողմից Թուրքիայի նախագահի՝ Շուշի այցելությունը չդատապարտելը Ադրբեջանի իշխանություններին մղեց նոր սադրիչ գործողությունների, որին հետևեց Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը Շուշի: Պատմական իրողությունների այսկերպ աղավաղումը և նման մեթոդներով հակամարտության էության խեղաթյուրումը համարում ենք հակամարտության խաղաղ կարգավորման խաթարմանն ուղղված քայլ, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:


Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մերժողական կեցվածքն այդ բեմադրության նկատմամբ՝ կոչ ենք անում դատապարտել նմանօրինակ սադրիչ գործողությունները և քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքի ամրագրման ուղղությամբ:


«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ–ՔՄԴ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ


«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ


«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ


«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ


«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ