Վրաստանցիների 64%-ը ճիշտ է համարում, որ Վրաստանը չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Վրաստանում հարցվածների կեսից ավելին կարծում է, որ երկրի իշխանությունները ճիշտ են վարվել՝ չմիանալով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ Այս մասին ասվում է «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Հասարակական կարծիքի և մարքեթինգի միջազգային «ԳՈՐԲԻ» կենտրոնի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքներում։
«Վրացիների մեծամասնությունը պաշտպանում է Թբիլիսիի ցանկությունը՝ չեզոք մնալ Ուկրաինայի ռազմական հակամարտության հարցում։ Այսպիսով, հարցվածների 76,5%-ը համոզված է, որ Վրաստանը չպետք է ներգրավվի զինված առճակատման մեջ, քանի որ դա երկրի համար կայուն զարգացումը շարունակելու միակ հնարավորությունն է։ Հարցվածների 19,6%-ը նշել է, որ համաձայն չէ սրա հետ, իսկ 3,9%-ը չի պատասխանել հարցին»,- հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Հարցին՝ ճի՞շտ էր, որ «Վրացական երազանքի» կառավարությունը չմիացավ Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների, հարցվածների 64%-ը պատասխանել է, որ դա «ճիշտ քայլ էր», իսկ 30.4%-ը՝ «սխալ քայլ», իսկ 5.2%-ը դժվարացել է պատասխանել:
Հետաքրքիր է նաև, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը (Միխայիլ Սահակաշվիլի) աջակցող հարցվածների միայն 25%-ն է նշել, որ իշխանությունները ճիշտ են վարվել։
Բացի այդ, հարցվածների 63,5%-ը համաձայնել է այն պնդմանը, որ ստեղծված իրավիճակում Վրաստանում հակակառավարական ակցիաների անցկացումը «չհիմնավորված է»։ Հակառակ դիրքն է ընտրել հարցման մասնակիցների 30,1%-ը, իսկ 6,4%-ը չի պատասխանել։ Միևնույն ժամանակ, «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցների հարցվածների 29%-ը բողոքի ակցիաները համարել է անհիմն (ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքի հեռուստադիտողների 34%-ը և ընդդիմադիր Pirveli-ի հեռուստադիտողների 48%-ը):
Նշվում է, որ Վրաստանում մարտի 10-16-ը հեռախոսային սոցիոլոգիական հարցում է անցկացվել։ Հարցմանը մասնակցել է 1008 քաղաքացի, և սխալի սահմանը կազմել է +/- 3%: