Նախօրեին Մոսկվայում RUSARMINFO մամուլի կենտրոնում տեղի է ունեցել «Վեցնյակ-Իրան համաձայնագիր. Տարածաշրջանային հնարավոր փոփոխություններ և համագործակցության բացվող հեռանկարներ» թեմայով քննարկում: Ռուս և հայ փորձագետները քննարկել են, թե ինչպես Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերած համաձայնագրերը կազդեն Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իրավիճակի վրա, ինչպես նաև Իրանի և եվրասիական ինտեգրացիայի անդամ-երկրների համագործակցության, մասնավորապես Հայաստանի վրա:
Վիեննայում Թեհրանի հաղթանակը
Մամուլի ասուլիսի բոլոր երեք մասնակիցների կարծիքով, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի համաձայնությունները միանշանակ կարելի է համարել Թեհրանի հաղթանակը: Նրանք վստահ են, որ համաձայնագիրը վերաբերվում էր միայն Իրանի միջուկային ծրագրին և Թեհրանը ԱՄՆ-ին զիջումների չի գնա Սիրիայի, Եմենի կամ Իրաքի հարցով:
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ համաձայնագիրը նշանակում է, որ Իրանը հաղթանակ է տանում պատժամիջոցների չեղարկման տարիներ տևած պատերազմում:
Նրա կարծիքով, համաձայնագիրը փաստացի նշանակում է, որ Վաշինգտոնը ընդունել է ճնշումների միջոցով Իրանի միջուկային ծրագրի դադարեցման անհնարինությունը, իսկ այսօրվա ամերիկյան վարչակազմը պատրաստ չէ և չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ: Այդ պատճառով որոշում է կայացվել Վիեննայի համաձայնագրերի միջոցով 10-15 տարով երկարաձգել Թեհրանի միջուկային զենք ունենալու հեռանկարը: Փորձագետը նշում է, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի իրականացումը անհրաժեշտ տեխնիկական ներուժ կստեղծի, և քաղաքական կամքի առկայության պարագայում նրանք կկարողանան արագ կերպով միջուկային զենք ստեղծել: Սակայն այժմ Թեհրանի համար ավելի առաջնային է միջուկային զենքի տեղափոխության միջոցների ստեղծումը:
Սատանովսկին նշել է, որ այն, որ Վաշինգտոնը կարող է ինչ-որ պատժամիջոցներ ուժի մեջ թողնել, իսկ նախագահի վարչակազմին դեռևս պայքար է սպասում Կոնգրեսի հետ համաձայնագրի վավերացման համար, արմատապես ոչինչ չի փոխում: «Անիվը արդեն ցած է գլորվել սարից, այն կարող է գնալ որևէ այլ ուղղությամբ, ոչ այս արահետով, սակայն գործընթացը սկսվել է»,-հայտարարել է նա:
Իր հերթին, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդականների խմբի ղեկավար Վլադիմիր Կոզինը կարծում է, որ չի կարելի Իրանից պահանջել, որ նա չստեղծի միջուկային զենք, թույլատրելով այն Իսրայելին կամ համաձայնելով ամերիկյան զենքի առկայության փաստի հետ Թուրքիայում:
«Պետք է նաև այդ հարցը բարձրացնել, այլապես Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտու ստեղծումը երբեք իրականություն չի դառնա»,-նշել է նա, ինչը հանգեցրել է Սատանովսկու բուռն արձագանքին: Ըստ նրա՝ Իսրայելը հիմար չէ, որ միջուկային զենքից հրաժարվի:
Կոզինի խոսքով, Վիեննայի համաձայնագրերը՝ դա երկար սպասված օգտակար և դրական քայլ էր, որն ձեռնարկվել է ճիշտ ուղղությամբ: "Պետք է հասկանալ, որ դա չի նշանակում ընդհանրապես բոլոր պատժամիջոցների չեղարկում, որոնք կիրառել են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, որոնցից շատերը գործում են Իրանի նկատմամբ դեռևս 1979թ.-ից, օրինակ մարդու իրավունքների ոլորտում", - հավելեց նա:
«Պատժամիջոցները որևէ կերպ կապ չունեն միջուկային խնդրի հետ: Այդ պատճառով, այդ պատժամիջոցների չեղարկումը մեծ հարձականի տակ է: Ավելի քան 35 տարվա ընթացքում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: Այդ հարցով Իրանը երկրորդ տեղն է զբաղեցնում Կուբայից հետո»,-նշել է նա:
Մոսկվայի հյուրերի հետ համակարծիք էր ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Իրանի առջև նոր հնարավորություններ են բացվում և նրա դերը տարածաշրջանում մեծանալու է, ինչը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանային գործընթացների վրա»,-նշել է նա, ով միացել էր ասուլիսին տեսազանգի միջոցով:
Հայաստանի նոր հնարավորությունները
Սաֆրաստյանը ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանի և վեցնյակի համաձայնագիրը բավականին ձեռնտու է և հայ-իրանական հարաբերությունների համար, քանի որ տնտեսական համագործակցության համար նոր հնարավորություններ են բացվում: Նրա խոսքով, Հայաստանը կարող է Իրանի տնտեսության համար դարպաս դառնալ դեպի արտաքին աշխարհ: Մասնավորապես Հայաստանում ավելի հարմար է օտարերկրյա խոշոր ընկերությունների գրասենյակներ ստեղծել, այդ թվում արևմտյան և եվրասիական, որոնք նախատեսում են ներդրումներ իրականացնել Իրանում, քանի որ Հայաստանում շատ լավ ինստիտուցիոնալ հնարավորություններ կան դրա համար ի տարբերություն Իրանի, որտեղ իսլամը մեծ ազդեցություն ունի օրենսդրության և կենսակերպի վրա:
Նա հավելեց, որ Հայաստանի համար, որը մինչ պատժամիջոցների չեղարկումը լավ հարաբերություններ ուներ Իրանի հետ, անհրաժեշտ է կարողանալ օգտվել ստեղծված հնարավորություններից և բարձրացնել իր տնտեսական և քաղաքական դերակատարումը տարածաշրջանում: «Հայաստանը Եվրասիական միության հեռավոր կետից կարող է վերածվել Իրանի հետ առևտրի կենտրոնի»,-նշել է Սաֆրաստյանը:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Իրանից պատժամիջոցների չեղարկումը փոխկապակցված չեն: Սատանովսկին նույնպես կարծում է, որ Վիեննայի համաձայնագրերը դժվար թե ազդեն ղարաբաղյան կարգավորման վրա, քանի որ իրանական ոչ մի խորհուրդ Ադրբեջանի կողմից չի ընկալվի, քանի որ Բաքուն Թեհրանին մեծ զգուշավորությամբ է նայում:
Սատանովսկու կարծիքով, հաշվի առնելով լարված ադրբեջանա-իրանական հարաբերությունները՝ Իրանի համար Հայաստանը տարածաշրջանում թիվ մեկ գործընկերն է: Նրա խոսքով, չնայած Հայաստանը, հաշվի առնելով մինչև պատժամիջոցների չեղարկումը Իրանի հետ առկա լավ հարաբերությունները, ինչպես նաև ազդեցիկ սփյուռքի առկայությունը ԱՄՆ-ում, ԵՄ-ի երկրներում և արաբական աշխարհում, լավ հնարավորություններ են բացվում առևտրա-տնտեսական ոլորտում, սակայն նրանք պետք է կարողանան դրանից օգտվել:
«Իրանը կարողանում է շահույթ ստանալ, սակայն միշտ փորձում է այն ստանալ միակողմանի և շատ հաճախ բազմաթիվ նախագծեր արգելակում է իրանական բյուրոկրատիան»,-նշել է նա:
Կոզինն ավելի լավատեսական էր այդ հարցում հայտարարելով, որն հայկական կողմի նախաձեռնությունները դրական արձագանք կգտնեն իրանական գործընկերների հետ: Նա հայտարարել է, որ վերջերս է վերադարձել Իրանից, որտեղ հանդիպումներ է անցկացրել առաջատար գիտա-հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ և ընդգծել է, որ Իրանի բնակչությունը, որն իր վրա է զգացել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների ողջ ծանրությունը, ուրախ կլինի ցանկացած համագործակցության, որը կակտիվացնի նրանց առևտրա-տնտեսական կապերն ու ֆինանսական հատվածը:
Փորձագետները եկան այն եզրակացության, որ ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցությունը կախված է լինելու նրանից, կստորագրվի արդյոք Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
Այն կբխի երկու կողմերի շահերից և հայկական իշխանությունները արդեն սկսել են այդ գաղափարի լոբբինգը եվրասիական կառույցներում, սակայն դեռևս շուտ է խոսել այդ ծրագրերի իրականացման ժամկետներից: Սակայն այդպիսի համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ-ի ու Վիետնամի միջև հույս է տալիս, որը Իրանի հետ՝ նրա մեծ շուկայով և տարանցիկ հնարավորություններով, նույնպես կստորագրվի: