ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների վաճառքի մասին առաջարկին, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, գրում է apsny.ge կայքը: «Javelin հակատանկային համալիրների ձեռքբերման տեսանկյունից մենք կարևոր հաջողություն ենք գրանցել, այս տարվա մարտի 29-ին ես գրավոր դիմել եմ ԱՄՆ ռազմական դեպարտամենտին, հրապարակային կերպով այդ որոշման մասին հայտնի դարձավ նոյեմբերին: Քաղաքական որոշումն արդեն կայացված է, և ես ուզում եմ հայտնել ձեզ, որ ԱՄՆ Կոնգրեսն այս հարցի հետ կապված դրական որոշում է տվել», - ասել է Իզորիան: Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսի այս որոշումը նշանակում է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի պաշտպանության ոլորտում կատարված բարեփոխումների ընդունում: