Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանից մեկնած և Վրաստանում վթարի ենթարկված թուրքական C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռում եղել են 20 թուրք զինծառայողներ, այդ թվում՝ անձնակազմի անդամներ։ Ոչ ոք չի փրկվել: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղի մունիցիպալիտետի տարածքում՝ Ադրբեջանի հետ պետական սահմանից մոտավորապես 5 կմ հեռու։ Վրացական հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը որևէ աղետի ազդանշան չի ուղարկել և անհետացել է ռադարներից Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ նշել է, որ ինքնաթիռը մեկնել է Ադրբեջանի Գյանջա քաղաքից։