25.11.2024
ՍԴ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների մասին
prev Նախորդ նորություն

Ընտրակաշառքի երկու քրեական գործերից մեկի նախաքննությունն ավարտվել է. ՀԿ

Գեղարքունիքի մարզի բնակչուհի Գ. Մ.-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 09.12.2021թ.-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունից։


Մասնավորապես, Գ. Մ.-ն հաղորդում է տվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների նախորդ օրը «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար իրեն առաջարկել են 60.000 ՀՀ դրամ կաշառք, որը մերժել է:


Վերը նշված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է եւս մեկ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով եւ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:


Կատարվում է նախաքննություն:


Ընտրակաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Արա Իսրայելյանը, հանդիսանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Իջեւանի երիտասարդական կառույցի ղեկավարը եւ որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված լինելով հիշյալ կուսակցության ցուցակում, հունիսի 20-ին անցկացված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին վերոնշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար Արման Էլլարյանին տվել է 51.300 ՀՀ դրամ գումարին համարժեք 100 ԱՄՆ դոլար կաշառք:


Ընտրողին կաշառք տալու համար Արա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Էլլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` ընտրակաշառք ստանալու համար:


Ա.Իսրայելյանի եւ Ա. Էլլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: