Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում մեծապես երաշխիքներ են ստեղծել, որպեսզի տեղահանված արցախցիները վերադառնան: Այս մասին «Մարդու իրավունքների հիմնախնդիրները հետպատերազմյան Հայաստանում եւ Արցախում». ռազմագերիներ, մշակութային վանդալիզմ՝ Արցախի անկախության հանրաքվեից 30 տարի անց քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նա նշեց, որ թեև բոլոր խախտումները, միջադեպերը ներկայացվել են զեկույցներով, այդ թվում և միջազգային կառույցներին, բայց շարունակում է լուրջ խնդիր մնալ ադրբեջանցիների անպատժելիությունը: Իսկ երբ բոլոր խախտումները ներկայացվում են ռուս խաղաղապահներին, նրանց կողմից դրանք ուղղակի գրանցվում են: Ըստ այդմ, Ստեփանյանը կարծում է, որ պետք է ինչ-որ մեխանիզմ ներդնել, որը հնարավորություն կտա հետաքննել բոլոր միջադեպերը և անձիք, որոնք մեղավոր են, անպայման պատիժ կկրեն:
"Միայն այդ պարագայում է հնարավոր զսպել ադրբեջանցիների հանցագործությունները և ապահովել արցախցիների անվտանգությունը: Մարդիկ այսօր էլ շարունակում են հարցադրում անել, թե ի՞նչ է լինելու հետագայում, կլինի արդյոք կայունություն: Պետք է հստակություն լինի, թե ինչպիսի անվտանգության մեխանիզմներ են կիրառվելու, օրինակ, երբ 4 տարուց ռուս խաղաղապահները հեռանան Արցախից",- ասաց նա:
Գեղամ Ստեփանյանը կրկնեց բազմիցս հնչեցրած միտքը՝ Բաքուն հստակ քաղաքականություն է վարում, վախի մթնոլորտ ձևավորում, որպեսզի արցախցիները լքեն երկիրը: Դրան են նպաստում նաև այդ երկրի նախագահի հաայտարարությունները:
ՄԻՊ-ը նաև այլ առաջարկ հնչեցրեց, որը միտված է արցախցիների անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:
"Պետք է շփման գծի հարևանությամբ գտնվող բնակավայրերի մոտից հեռացվեն ադրբեջանցիների ռազմական հենակետերը, քանի որ անգամ դրանց ներկայությունն այդ տարածքում լուրջ սպառնալիք է խաղաղ բնակիչների համար",- ընդգծեց նա:
Նշենք, որ քննարկումը կազմակերպել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը: