24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 347 նոր դեպք, 20 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանն ու ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։


ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում նախաձեռնությունների իրականացման ընթացքը։


Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձ են կատարել Հայաստան - Ֆրանկոֆոնիա համագործակցության ամրապնդման հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության և երիտասարդության ոլորտներում ծրագրերի իրականացման միջոցով։


ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը աջակցում է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի առաջարկած՝ Կազմակերպության բարեփոխումների օրակարգին։


ՖՄԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել ս․թ․ հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը։


Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն մտքեր են փոխանակել նաև Թունիսում 2022 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ Կազմակերպության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ։


Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։