Հակառուսական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է. պատգամավոր
Աշխարհը մերոնց- ձերոնց, ժողովրդավարների ու բռնապետերի, այս իշխանությունների ամենասիրելի՝ սեւերի ու սպիտակների բաժանելու աշխարհաքաղաքական պատկերը նոր երանգեր է ստանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Դեկտեմբերի 9-10-ը Միացյալ Նահանգներում կայանալու է «Հանուն Ժողովրդավարության» հեռավար գագաթնաժողովը: Դեռ տարեսկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է. «Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում և այսուհետ չի վարանելու առավել կոշտ դիրքորոշում բանեցնել ավտորիտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի հանդեպ»: ԱՄՆ-ում Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպաններն իրենց՝ օրերս հրապարակած համատեղ հոդվածում արդեն նշել են, որ գագաթնաժողովը միտված է Ռուսաստանի և Չինաստանի դեմ և ունի սառը պատերազմի՝ անջատողական միտում:
Եվ ահա, ժողովրդավարության անվան ներքո աշխարհը երկու մասի բաժանելու՝ դեկտեմբերի 9-ից 10-ի գագաթնաժողովին չեն մասնակցելու ո՛չ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ո՛չ բարեկամ Չինաստանը, ո՛չ բարեկամ Իրանը, ո՛չ ՀԱՊԿ անդամ որեւէ պետություն: Լինելու են «հեղափոխության» երկրներ Ուկրաինան, Վրաստանը, լինելու է Թայվանը, Բելառուսում հեղափոխական ֆիասկո ապրած Տիխանովսկայան (ի դեպ, ներկայացնելու է բելառուս ժողովրդին) եւ, իհարկե, «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ ամբիոնից Իրանին ավտորիատար երկիր անվանող, Լավրովին Հայաստանի եղանակային շոգ պայմաններին հարմարվելու կոչ անող, Ռուսաստանում ոչ դիվանագիտական բառապաշարով «Լավրովյան պլանի» մասին խոսող ու ոչինչ չտվող՝ հակաչինական Կրոնական ազատության միջազգային դաշինքին միացող իշխանությունն ինքն իրեն կդավաճաներ, եթե ամենահարմար պահը չընտրեր այս հակառուսական, հակաիրանական, հակաչինական գագաթնաժողովին մասնակցելու մասին հայտարարությունն անելու համար: Նոյեմբերի 16-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Սյունիք, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ավետում է այդ լուրը: Նույն հարցազրույցի ժամանակ բանավոր դիմում Ռուսաստանին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով: Կրկնում եմ՝ նույն հարցազրույցի ժամանակ, հենց այն պահին, երբ բանակցություններ էին ընթանում ռուսական կողմի հետ՝ նրա միջնորդությամբ Սյունիքում կրակը դադարեցնելու, մի քանի տասնյակ գերեվարվածներին վերադարձնելու, անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։
Եվ հիմա Փաշինյանը, Զելենսկին, Տիխանովսկայան ու, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները միասին քննարկելու են «ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու, ավտորիտարիզմին դիմակայելու հարցերը»: Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկներում, անվտանգային լրջագույն մարտահրավերների առջեւ եւ ունի հաշված դաշնակիցներ ու բարեկամներ: Ամենատարբեր իրավիճակներում ճարպկության մաստեր կլասների վարպետ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի ժամանակ հակառուսական, հակաչինական, հակաիրանական այս արշավին մասնակիցը չդառնալու համար»: