Իշխանությունը նպատակային ձևով հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում. կարծիք
Արցախի Ճարտար քաղաքի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների նոր սադրանքը գալիս է լրացնելու հոկտեմբերին Մարտակերտի ուղղությամբ, իսկ նոյեմբերին Շուշիի հարակից հատվածում՝ գլխավոր մայրուղու ուղղությամբ, ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունները։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
"Ստացվում է, որ վերջին 3 ամիսներին ադրբեջանական սադրանքների արդյունքում, Արցախում 3 քաղաքացիական անձ է սպանվել՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ, Ջրմուղի մասնագետ և անասնապահ։
Անկախ մահվան ելքով այս միջադեպերի հանգամանքներից, դեպքի վայրերից ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային, խաթարել արցախցիների այդպես էլ չհաստատված խաղաղությունը և հիշեցնել թուրքի ատելության և իրական նպատակների մասին։
Որքան էլ ցավալի լինի արձանագրումը, այս միջադեպերը հնարավոր էր կանխել, եթե Արցախում և հատկապես Հայաստանում որոշումներ կայացնողները հստակ գիտակցեին մեր առաջնահերթությունները, ժամանակին ֆիքսեին սպառնալիքները և դրանից բխող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին։
Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը", - գրել է նա։