25.11.2024
Հարուցվել է քրեական գործ` զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ
prev Նախորդ նորություն

Նախարար. Օր առաջ պետք է որոշում կայացնեն հանձնվելու մասին

Իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որ հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի և զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ Հայաստանում պետք է գործի օրենքն ու սահմանադրական նորմը: Նրանք օր առաջ պետք է որոշում կայացնեն հանձնվելու մասին: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած պահելուն:

Նախարարը նշեց, որ ոստիկանության գործողությունները բարձր է գնահատում, թեև համաձայնեց, որ երբ քննություն կատարվի, ապա առանձին դրվագներ ի հայտ կգան, երբ ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորվել:

«Առանձին դրվագներում տեսնում էինք, որ ակնհայտ սադրիչներ կան, որոնք հրահրում են բախումներ: Այդ մարդիկ նաև վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ են իրականացնում»,- նշեց նա:

Մինասյանը նշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կա նկարագրված, թե ինչ է նշանակում «պատանդ վերցնել» արտահայտությունը: Հարցին՝ ինքը խմբավորման անդամներին ինչպե՞ս է որակում՝ նշեց, որ դա առաջիկայում քննարկվելու է:

Ինչ վերաբերում է իշխանությունների լռությանը, Արծվիկ Մինասյանը, նախ, մատնանշեց, որ վարչապետն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, իսկ բացի այդ հիշեցրեց, որ գործընթացն այս պահին գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում։

«Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել: Ես համոզված եմ, որ այն տղաները, գոնե մի մասին, որոնց ես էլ եմ ճանաչում և ովքեր Արցախի ազատագրական պայքարում ներդրում ունեն, նրանք նույնպես ողջախոհություն կդրսևորեն և հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություններով: Ինձ համար ակնհայտ է, որ անհանդուրժողականությունը հասարակությունում հասել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, թե քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձևերով: Բայց անգամ եթե մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ակնհայտ է, որ դա ձև չէ»,-հավելեց ՀՅԴ-ական նախարարը:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հուլիսի 17-ին գրավել են ՊՊԾ գունդը, պատանդներ են պահում: Երեկ ուշ երեկոյան ոստիկանների ու ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով բուժհաստատություններ բուժօգնություն ստանալու համար դիմել է 51 անձ, որից 28-ը՝ ոստիկան: Հուլիսի 21-ին` ժամը 08-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը՝ ձերբակալվել: