Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց կլոր սեղան-քննարկմանը:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին տարիների մարտահրավերներն ու սպառնալիքները վկայում են ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին՝ անվտանգության ապահովման եւ գլոբալ մարտահրավերներին հաջող արձագանքելու համար:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հոբելյանական միջոցառումներին. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը նշում է 15-ամյակը, հաջորդ տարի նշվելու են Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: «Այս ընթացքում կազմակերպությունն ամրապնդել է իր կարգավիճակը՝ որպես բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային միջազգային կազմակերպություն»,-ասել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է կազմակերպությունում մեր երկրի նախագահության առաջնահերթություններին՝ ուղղված կառույցի ներուժի մեծացմանը՝ հանուն հավաքական անվտանգության ապահովման եւ համաչափ զարգացման:
Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ անհրաժեշտ է կատարելագործել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Այս համատեքստում, ըստ նրա, կարեւոր են ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման եւ նախազգուշացման մեխանիզմները:
«Մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջեւ ռազմական համագործակցության ձեւավորումը՝ կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածության, համախմբվածության եւ շարժունակության բարձրացման համար: Մեր ջանքերն ուղղված են լինելու խնդիրների մշակմանը եւ առաջարկների արդիականացմանն ու կատարելագործմանը` ուղղված ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգությանը, թմրամիջոցների դեմ պայքարին եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարին»,-շեշտել է Հակոբ Արշակյանը:
Նա խոսել է խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերակատարության մասին եւ հավելել, որ կշարունակվեն մշակվել քայլեր՝ ուղղված միջազգային խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը:
«Միջազգային խորհրդարանական հարթակներում մենք՝ որպես գործընկերներ, մեր պատվիրակությունների մասնակցությամբ պետք է համախմբված եւ համակարգված դիրքորոշում ցուցաբերենք դաշնակիցների՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող հարցերի շուրջ»,-համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ մշակել միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում խորհրդարանական շարունակական փոխգործակցության ապահովման համար:
«Համաշխարհային եւ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանը բաց է համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը: