25.11.2024
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
prev Նախորդ նորություն

Հայաստանն իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների կառավարման ծանր հետևանքները. Սարգսյան

Նախքան կորոնավիրուսը՝ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, ախտահարվեցին ծայրաստիճան վտանգավոր մեկ այլ վիրուսով. պոպուլիզմի վիրուսով։ Սա մեծ ցավով եմ նշում, քանի որ իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները, և կորոնավիրուսը մեզ բաժին ընկած բնավ միակ փորձությունը չէր։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին:


Նրա խոսքով, անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն և անթաքույց սատարում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված վարձկանները։


«Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար՝ խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում և խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում», - ասել է Սարգսյանը։


Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Սարգսյանի խոսքով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։


Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները», - նշել է նա։


Սարգսյանը նշել է՝ բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ 


«Հայաստանում վերջերս տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ելք չդարձան խորքային ճգնաժամից երկրի դուրսբերման համար։ Մենք ընդամենը մտանք դժոխքի նոր շրջան՝ ադրբեջանական շարունակվող ագրեսիայով, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում։ Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար և անարդար հետևանքները որպես նոր իրողություն։ Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ», - ասել է նա։